Ֆրանկոֆոն երկրների դրոշները հետաքրքիր լուծումներով ներկայացվեցին նկարչուհի Ասիլվայի անհատական ցուցահանդեսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խորհրդանշող Արարատը, նուռը, եկեղեցիները, Ֆրանկոֆոն երկրների դրոշների բազմազան գույները ժամանակակից լուծումներ են ստացել ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ռոգիի ստեղծագործություններում` կտավներում և օբսիդիան քարերի վրա արված գործերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակում անցկացվող ցուցահանդեսը բացվեց հոկտեմբերի 4-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում:

«Ասիլվան հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը, նա առաջին քրիստոնյա նկարչուհին է, որը 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի: Կարևորում եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ներկայացված են արտերկրում գործունեություն ծավալող արվեստագետների ստեղծագործություններ»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա ասաց, որ, սրահում շրջելով, նկարչուհու կտավներում գունային խաղ է նկատել, որում խորհրդանշական տարրերը բավականին շատ են: «Ինչպես տեսնում եք, պատկերված են տարբեր երկրների դրոշների գույները, որոնք ներկայացված են երկրաչափական հետաքրքիր լուծումներով»,-հավելեց նախարարը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն ասաց, որ ցուցադրված ստեղծագործություններում բացահայտում է երանգներ, որոնք իրեն հոգեհարազատ են: «Կապույտ, սպիտակ, կարմիր, կարմիր, կապույտ, նարնջագույն և, բնականաբար, Ֆրանկոֆոնիայի անդամ այլ երկրների դրոշները խորհրդանշող բազմաթիվ գույներ»,-նշեց դեսպանը և շնորհակալություն հայտնեց Ասիլվային այն էներգետիկայի համար, որ նա փոխանցում է իր գործերով:

«Հայաստանում շատ եմ ցուցահանդեսներ ունեցել և այստեղի գրեթե բոլոր թանգարաններում իմ աշխատանքներից կան: Այս անգամ ՀՀ մշակույթի նախարարությունից ստացա առաջարկը: Հատուկ այս սրահում ներկայացնելու համար նոր ստեղծագործություններ են ծնվել»,-ընդգծեց Ասիլվա Ռոգին:

Նա խոստովանեց, որ ոչ միշտ է գեղեցիկ տեսարաններ տեսնելիս ցանկանում դրանք հանձնել կտավին: «Եթե նկարում եմ լեռներ, ուրեմն դրանք հոգուս մեջ են. իմ հույզերը, զգացողություններն եմ այս գույներով արտահայտում»,-ասաց նկարչուհին:

Ասիլվա Ռոգին անդրադարձավ այն փաստին, որ իր ընկերների աջակցությամբ հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը և նշեց, որ այդպես ցանկացել է աջակցել հայ ստեղծագործողներին: «Սփյուռքահայերս պետք է օգնենք Հայաստանի արվեստագետներին ավելի հեշտ ճանապարհներ գտնել առաջընթացի համար, քանի որ բավականին բարդ է լինել օտար երկրում և հաջողությունների հասնել: Ուրախ եմ, որ կարողացել եմ ինչ-որ կերպ օգնել»,-նշեց նկարչուհին և խոստովանեց, որ ինքը նույնպես ստիպված է եղել խոչընդոտներ հաղթահարել ճանաչման հասնելու ճանապարհին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 25-ը:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը