Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանը քվեարկել է հանուն երևանցու, հանուն Երևանի

2 րոպեի ընթերցում

Զարուհի Փոստանջյանը քվեարկել է հանուն երևանցու, հանուն Երևանի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հումանիտար քոլեջում տեղակայված 4/8 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն երևանցու, հանուն Երևանի:

«Քարոզարշավի ընթացքում մենք կարող էինք ներկայացնել մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես դուրս գանք այս անմխիթար վիճակից, մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին: Այնինչ, մենք խնդիր ունեք ազգային միասնության, ազգային ուժերի կոնսոլիդացիայի, որպեսզի դուրս գանք այս վիճակից, իսկ Երևանը փորձադաշտ չէ, որպեսզի մենք չափենք ուժերը միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու տեսանկյունից: Երևանը չի հարցնում ոչ մեծ, ոչ փոքր, ոչ այս, ոչ այն կուսակցության ներկայացուցիչ, հետևաբար պետք է մենք բոլորս խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկենք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ այս ընտրությունները ներկայիս իշխանությունների քննությունն են, որովհետև իրենց ձեռքում են ընտրակեղծարարությունը կանխելու լծակները: Ըստ նրա՝ հանրությունը ևս պետք է մասնակից լինի այդ կանխարգելիչ գործողություններին:

«Ցանկալի է, որ բոլոր մասնակցող քաղաքական ուժերը ներկայացված լինեն ավագանու կազմում, որովհետև բոլոր քաղաքական ուժերի ցուցակներում կան անձինք, որոնք սրտացավ են Երևանի հարցում: Լավ կլինի, որ բոլորս հնարավորություն ունենանք ծրագրեըը կյանքի կոչել: Խնդիրները շատ են, դրանց լուծումը մի հոգու գործ չէ, և բոլորը պետք է ներգրավվեն վերականգնողական աշխատանքներում»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նա ինչ դիրքորոշում ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն անհրաժեշտություն է: «Մենք ավելի շուտ պետք է գնայինք խորհրդարանական ընտրություններին»,-հավելեց քաղաքապետի թեկնածուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում