Քաղաքականություն

ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մեկնարկից քիչ անց 8/16ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու և իր ձայնը չի գողացվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասաց վարչապետը:

«Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը»,- լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս ընտրարշավն իրական ընտրարշավ էր, և բոլոր ուժերը հասկանում էին,որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում՝ իշխանությունը: Մենք նույնպես, որպես իշխանություն, հասկանում էինք, որ պետք է պայքարենք ամեն ձայնի համար: Ու երբ ասում են, որ կրքեր են բորբոքվում, ապա ցանկացած ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև Հայաստանում ընտրություններն այսուհետ լինելու են իրական: Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված, կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»,- նշեց վարչապետը:

Երևանում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ից բացվել են Երևանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում