Քաղաքականություն

ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

2 րոպեի ընթերցում

ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց Երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ամփոփեց Երևանի Նուբարաշեն համայնքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կուսակցությունը սեպտեմբերի 21-ի նախընտրական օրը սկսել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից` քայլերթով, ապա այն շարունակել Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու բակում:

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Մհեր Շահգելդյանի խոսքով` իրենք քարոզարշավի ընթացքը դրական են համարում:

«Բոլոր քաղաքական ուժերը, յուրաքանչյուրն իր տարբերակով, կարողացան ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները: Իհարկե, եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը: Այս քարոզարշավի ընթացքում մեր այցելությունները, հանդիպումները, մոտեցումներն ու հետաքրքրությունը թույլ են տալիս մեր հնարավորությունները բարձր գնահատել»,- ասաց Շահգելդյանը:

Կուսակցությունը Նուբարաշեն համայնքում բազմաթիվ խնդիրներ է տեսնում, սակայն դրանցից առաջնայինը աղբանոցի խնդիրն է համարում:

«Աղբանոցի խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում՝ չնայած արտասահմանյան կազմակերպությունների ներդրումների առաջարկություններին: Սա առաջնային խնդիր է, որը լուծում է պահանջում, և մենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու ենք` համագործակցելով նաև այլ քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես բարձրաձայնում են այս խնդիրը: Մի շարք այլ հիմնախնդիրներ նույնպես կան՝ կապված տրանսպորտի հետ, և այս հարցը նույնպես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն:

Ավագանու «Օրինաց Երկիր» կուսակցության թեկնածուները շրջեցին Նուբարաշեն համայնքի փողոցներով ու բնակիչներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը:

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: Դրանց մասնակցում է 12 քաղաքական ուժ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում