ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի առաջնահերթ խնդիրները պատրաստվում է լուծել Երևանի բյուջեն եռապատկելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Երևանի բյուջեն ընդամենը 80 մլրդ է: Այն առաջնահերթ խնդիրները, որոնք այսօր ծառացած են Երևանի առջև, հնարավոր չէ լուծել այդ գումարով: Եթե Երևանում ստեղծված ՀՆԱ-ի շահութահարկի և եկամտահարկի 10%-ը ուղղենք քաղաքի բյուջեին, միանգամից կեռապատկենք Երևանի բյուջեն: Իսկ Գագիկ Ծառուկյանը խոստացել է այս ընտրություններում հաջողության հասնելու դեպքում հայթայթել բյուջեի համար անհրաժեշտ նախնական գումարները»,- ասաց Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահը նախընտրական շրջանում որևէ խախտում չի նկատել: Միքայել Մելքումյանին մտահոգում է միայն թեկնածուների կողմից միմյանց նկատմամբ կոշտ հայտարարությունները:
«Սա այն ընտրությունը պետք է լինի, որ ցույց տա, որ հեղափոխության արդյունքում ունենք նոր իրավիճակ: Այն պայմանավորվածությունը, որ քաղաքական ուժերն ունեին միմյանց նկատմամբ, որ պետք է իրար հետ հարգալից լինեին, որոշ մասով խախտվեց, որոնք մենք արձանագրեցինք համարժեք ձևով: Կարծում եմ` մեր արձագանքից հետո դրանք շարունակություն չեն ունենա»,- նշեց նա:
ԲՀԿ անդամների խոսքով` քաղաքացին պետք է իրենց քվե տա, որովհետև իրենք ոչ միայն ներկայացնում են ծրագիր, այլև ցույց են տալիս դրա իրականացման պայմանները:
Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, հանդես գալիս Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները: