ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՅԴ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը:
«Դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ առաջարկել էինք տրանսպորտի միասնական համակարգի ու միասնական տոմսի գաղափարը։ Միակ տարբերակը նորմալ տենդեր հայտարարելն է, որը կբացի կաշառակերության փաստը, հնարավորություն կտա, որ Երևանի քաղաքացին նորմալ երթևեկի: Բայց նաև հազարավոր վարորդներ կան, ովքեր աշխատում են, տուն են պահում։ Պետք է նրանց էլ հաշվի առնել»,- ասաց Հակոբյանը:
ՀՅԴ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 12-րդ համար Լուսինե Քարամյանը Երևանի կարևորագույն խնդիրներից մեկը համաչափ զարգացումն է համարում:
«Սոցիալական պետություն ենք համարվում բայց բավական է նայել Երևանի վարչական շրջաններում, արդեն պարզ է՝ ծայրամասերն անհամեմատելի հետ են Կենտրոն համայնքից: Ծայրամասերում երիտասարդները չեն կարող իրենց առօրյան կազմակերպել: Չկան սրճարաններ, հանգստի վայրեր»,- նշեց Լուսինեն:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ավագանու թեկնածուները մտահոգիչ են համարում այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում մրցակից թեկնածուներն իրար նկատմամբ վատ են տրամադրված:
Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, հանդես գալիս Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները: