Քաղաքականություն

ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Շենգավիթ վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Շենգավիթ վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցությունը Շենգավիթ վարչական շրջանում անցկացրած հանրահավաքին ներկայացրեց մայրաքաղաքի մի քանի օրակարգային խնդիր: ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը բարձրացրեց բնապահպանական հարցեր:

«Մայրաքաղաքում բնապահպանական խնդիրներն օրակարգային են, այսօր Երևանը խեղդվում է օդի աղտոտվածությունից: Այդ խնդիրը պետք է լուծել: Ոչ պակաս անհանգստացնող խնդիր է աղբահանությունը: Այն պատուհաս է դարձել մեր բնակիչների համար. որտեղով անցնում ես՝ աղբի հոտը զգացվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Մհեր Շահգելդյանը: ՕԵԿ ներկայացուցիչը խոսել է բարձրացրած լուծումների մասին: Առաջինը, ըստ Մհեր Շահգելդյանի, նախ պետք է կազմակերպել օպերատիվ աղբահանությունը:

«Քաղաքը պետք է մաքրվի, այսպես չի կարելի: Այս խնդիրը պետք է լուծվի, որպեսզի ազատվենք գարշահոտությունից»,-նշեց Մհեր Շահգելդյանը: Հաջորդ քայլը աղբի վերամշակման գործարանի հիմնումն է: Մհեր Շահգելդյանը նկատեց, որ նախկինում մի քանի անգամ արտասահմանյան ձեռնարկությունների ներկայացուցիչները եկել են Հայաստան՝ աղբավերամշակման գործարան ստեղծելու նպատակով, սակայն ոչինչ չի ստացվել: Պատճառն, ըստ Մհեր Շահգելդյանի, նախկին իշխանություններն էին, որոնք ձախողեցին գործընթացը:

Խոսելով հաջորդ խնդիրների մասին՝ Մհեր Շահգելդյանն առանձնացրեց տրանսպորտը: Նրա խոսքով, այն հրատապ լուծում է պահանջում. ի վերջո, քաղաքացիների համար պետք է կազմակերպվի արժանավայել երթևեկություն: Նա խիստ անհրաժեշտություն է համարում տրանսպորտային պարկի թարմացումը: Դրանից բացի, Մհեր Շահգելդյանը կարևորեց վարորդների իրավունքների պաշտպանությունն՝ ընդգծելով, որ այսօր վարորդներն ամենաիրավազուրկն են:

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: Մասնակցում է 12 քաղաքական ուժ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում