Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքը նախատեսում է մետրոյի «Գործարանային» կայարանի շուրջ կառուցել բիզնես և ուսումնական կենտրոններ

3 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» դաշինքը նախատեսում է մետրոյի «Գործարանային» կայարանի շուրջ կառուցել բիզնես և ուսումնական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Իմ քայլը» դաշինքը Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի շրջակայքում բիզնես և ուսումնական կենտրոններ կկառուցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին Երևանի Ավան վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը երկար տարիներ եղել է ամենաայցելվող կայարաններից մեկը: Այսօր այդ կայարանից շատ քչերն են օգտվում: Նախատեսում ենք ուսումնասիրել «Գործարանային» կայարանի շրջակայքը և այնտեղ կառուցել բիզնես ու ուսումնական կենտրոններ, բազմաբնակարան շենքեր»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն:

Դաշինքը նախատեսում է նաև առնվազն մեկով ավելացնել Երևանի մետրոպոլիտենի կայարանների քանակը:

«Մետրոն աշխարհի ամենահարմարավետ տրանսպորտն է: Մենք նախատեսում ենք կառուցել նաև մեկ մետրոյի կայարան` «Թումո»-ի մոտ»,- ասաց Մարությանը:

Երևանի երթուղային տրանսպորտի մասին խոսելիս Մարությանը նշեց, որ երթուղային ցանցը կհարմարեցվի երևանցիների կարիքներին:

«Բոլոր ավտոբուսները ունենալու են հովացման համակարգ: Գրեթե բոլոր ավտոբուսները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ունենալու են անվասայլակով մուտք գործելու համակարգ, որից կարող են օգտվել նաև մեր երեխաներով մայրիկներն ու տարեցները»,- ասաց Մարությանը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի 9 կարևոր դրույթների մեջ է մտնում նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար վերաբնակեցման ծրագրի իրականացումը՝ բնակարանաշինության ոլորտում «համայնք-մասնավոր հատված» համագործակցության հնարավորություններն օգտագործելով, դպրոցաշինության զարգացումը, կանաչ տարածքների ընդլայնումը, վերելակների նորոգումը, բոլոր չգործող շատրվանների վերագործարկումը, նորերի կառուցումը և այլն:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում