Քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցությունը կողմ է Երևանում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը

2 րոպեի ընթերցում

«Ժառանգություն» կուսակցությունը կողմ է Երևանում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցությունը կողմ է Երևանում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամը, ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը քաղաքական ուժերը» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ Երևանի կաթվածահար երթևեկությունը վերականգնելու համար անհրաժեշտ է մետրոպոլիտենի կայարանների ավելացում: «Մենք կարևորում ենք էլեկտրատրանսպորտի աննախընթաց զարգացումը, այդ թվում՝ վերգետնյա մետրոյի կառուցման հնարավորությունը»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ էլեկտրատրանսպորտի ներդրումը կխթանի նոր արդիականացված մեքենաների Հայաստան մուտքը, ինչպես նաև քաղաքի էկոլոգիական խնդիրների վերականգնումը:

Հովսեփ Խուրշուդյանն առանձնացրեց նաև ավտոկայանատեղիների հետ կապված խնդիրը, նշեց, որ անհապաղ պետք է վերանայվեն կարմիր գծերի համար վճարվող գումարները:

«Շատ ճիշտ կլինի, որ խցանումներից խուսափելու համար բաշխվեն քաղաքացիների աշխատաժամերը, իսկ ավելի ճիշտ կլինի որոշ պետական հիմնարկներ տեղափոխել քաղաքի ծայրամաս»,- հավելեց նա:

Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է նվազեցնել միկրոավտոբուսների քանակը, իրականացնել հասարակական տրանսպորտում հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժը:

«Ժառանգություն»-ը կարևորում է նաև հանրային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների համակարգի ներդրումը եւ համապատասխան վահանակների տեղադրումը բոլոր կանգառներում: Համատարած Wi-Fi ունենալու պարագայում քաղաքացիները կարող են հետեւել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի չվացուցակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում