Քաղաքականություն

Ռեֆորմիստների կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեֆորմիստների կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Նրա խոսքով` կուսակցությունը նորաստեղծ է, և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելն իրենց առաջին լուրջ փորձն է, ապա հավելեց, որ արդեն բավականին համակիրներ ունեն:

«Մեր նպատակը ոչ միայն անցողիկ շեմն անցնելն է, այլև մեր մայրաքաղաքի բարգավաճմանը նպաստելը: Մենք չենք բացառում որևէ մեկի հետ մեր համագործակցությունը»,-նշեց Բաբայանը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահն ընդգծեց, որ իրենց կուսակցությունը ծավալուն ծրագրեր չի հրապարակել: Քաղաքապետի իրենց թեկնածու Արտակ Ավետյանը ներկայացրել է ծրագրային տասը կարևոր կետեր, որոնցից ամենակարևորը Երևանի կանաչապատումն է:

«Մեզ համար կարևոր առաջնահերթություններ են նաև կենդանիների պաշտպանությունը, վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիների ստեղծումը, խելացի լուսացույցների, արևային էներգիայի կիրառումը»,-հավելեց Բաբայանը՝ վստահեցնելով, որ Երևանը չպետք է կորցնի իր երբեմնի դիմագիծը:

Վահան Բաբայանը շեշտեց` իրենց թեկնածու Արտակ Ավետյանը միակն է թեկնածուների մեջ, որ անկուսակցական է, և միակն է, որ քաղաքական պրոցեսներին չի մասնակցել:

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցելու է 12 կուսակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում