Քաղաքականություն

«Օրինաց երկիր» կուսակցության ծրագիրն ուղղված է մայրաքաղաքի երկարաժամկետ  զարգացմանը

3 րոպեի ընթերցում

«Օրինաց երկիր» կուսակցության ծրագիրն ուղղված է մայրաքաղաքի երկարաժամկետ  զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու, կուսակցության փոխնախագահ ՄհերՇահգելդյանը կարծում է, որ Երևանում առկա խնդիրները պետք է լուծվեն ռազմավարական օպերատիվությամբ: Նա առաջնային է համարում քաղաքի կանաչապատման, աղբահանության, սոցիալական բնակարանաշինության, վերելակների, բնակֆոնդի հետ կապված խնդիրների լուծումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Շահգելդյանը հայտնեց սեպտեմբերի 12-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Օրինաց երկիր» կուսակցության՝ Արաբկիր վարչական շրջանի «Մերգելյան ինստիտուտի» հրապարակում տեղի ունեցած ամփոփիչ հանրահավաքում:

«Մենք ունենք մրցունակ թիմ, որտեղ հիմնականում երիտասարդներ են ընդգրկված, բայց ոչ անփորձ՝ այլ մարդիկ, ովքեր ունեն գիտելիքներ, նորարարական գաղափարներ, աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր մոտեցումներ»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Նրա խոսքով` կուսակցությունը ներկայացնում է ծրագիր, որն ուղղված է մայրաքաղաքի երկարաժամկետ զարգացմանը:

Շահգելդյանը շեշտեց, որ «Օրինաց երկիր»-ն իր գործունեության ընթացքում Ազգային ժողովում մշտապես առաջարկել է ընդունել օրենքներ, որոնք ուղղված են մանկապարտեզների սեփականաշնորհման դադարեցմանը, ավանդների վերադարձին, երիտասարդ ընտանիքներին աջակցությանը և այլ հիմնախնդիրների:

«Արաբկիրում քայլարշավի ընթացքում մենք հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ: Ըստ իս` Արաբկիրը Երևանի լոկոմոտիվներից մեկն է իր պոտենցիալով, գրագետ ազգաբնակչությամբ: Արաբկիրի դերն ու նշանակությունը շատ լուրջ է լինելու Երևանի ավագանու այս ընտրություններում»,- ընդգծեց նա:

Մհեր Շահգելդյանի խոսքով՝ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է. աշխարհի տարբեր ծայրերից հայերը ցանկանում են վերադառնալ և ապրել քաղաքամայր Երևանում, քանի որ մարդկային հարաբերությունները բարձր մակարդակի են:

«Պետք է քաղաքն այնպիսին դառնա, որ բոլորն իրենց ջերմ զգան Երևանում»,-եզրափակեց Շահգելդյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցում են «Ռեֆորմիստների» կուսակցությունը,ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, «Երևանցիներ», «Լույս», «Իմ քայլը» դաշինքները, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Երկիր Ծիրանի» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները: Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվել է սեպտեմբերի 10-ին:

ՕԵԿ-ը ներկայացրել է ավագանու անդամի 116 թեկնածու, ցանկը գլխավորում է «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: ՕԵԿ-ի կարգախոսն է՝ «Մենք ենք ու մեր Երևանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում