Տնտեսություն

ՀԲԸՄ-ն նոր թափով սկսելու է սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը

2 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ-ն նոր թափով սկսելու է սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յագուբյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկման առանցքում եղել են նախարարության և համահայկական կառույցի համագործակցությանն առնչվող հարցերը։

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յագուբյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակում է ընդլայնել իր աշխատանքները, և իրենք նոր թափով սկսելու են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը, ինչը և այս հանդիպման նպատակն է` հասկանալու նախարարության հետ աշխատանքի առաջնահերթությունները, կամուրջ դառնալու Սփյուռքի և Հայաստանի գործարարների համար։

Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ շարունակական և նպատակային աշխատանքը և ողջունել տնտեսական ոլորտի նկատմամբ կառույցի փոխգործակցության պատրաստակամությունը և հետաքրքրվածությունը։

Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության հնարավոր հեռանկարներին։ Խոսվել է, մասնավորապես, ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, կադրային բազայի լրացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցերի մասին։

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում համապատասխան տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային խմբերի ստեղծման մասին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում