Տնտեսություն

Էներգետիկայի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն քննարկում են էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը

2 րոպեի ընթերցում

Էներգետիկայի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն քննարկում են էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման՝ նվազեցման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում մայիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նախարար էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Արթուր Գրիգորյանը:

«Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ նման քննարկում է եղել կառավարությունում: Նման քննարկում կառավարությունում տեղի չի ունեցել, քննարկում եղել է նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ: Նախնական քննարկումներ ենք սկսել՝ հասկանալու, թե անհրաժեշտ վերլուծություններն անելու պարագայում արդյոք հնարավոր կլինի սակագնի փոփոխություն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, դրանք դեռ չեն ավարտվել, ևս մեկ-երկու օր կտևեն:

Անդրադառնալով սակագնի հնարավոր վերանայման ժամկետներին՝ նախարար Գրիգորյանը նշեց, որ օրենքով նախատեսված կարգավորումներով էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է վեց ամիսը մեկ: «Եթե սակագինը վերանայվի, դա կլինի օգոստոսից հետո, քանի որ այս տարի փետրվարին արդեն մեկ անգամ վերանայվել է»,- ավելացրեց Արթուր Գրիգորյանը:

Էներգետիկայի նախարարը նկատեց նաև, որ հնարավոր է համարում, որ սակագինը մնա նույնը: «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաև փոփոխություն լինի»,-եզրափակեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում