Եվրասիական զարգացման բանկը «Ամերիաբանկ»-ին տրամադրել է 30 մլն դոլար Հայաստանում ՓՄՁ հատվածի ֆինանսավորման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր 4 տարի ժամկետով: Այն հնարավորություն կտա Հայաստանին խթանել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրի իրականացումը կնպաստի բանկային գործունեության, այդ թվում բիզնեսի վարկավորման շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա զարգացնել տնտեսության իրական հատվածի ոլորտները:

Փոքր և միջին ձեռնարկությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Դրանք ապահովում են տնտեսության կայունությունը: Նշված ֆինանսավորումը կօգնի ՓՄՁ-ներին լուծել կապիտալ ներդրումների համար պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնվել է ՌԴ և Ղազախստանի կողմից 2006թ-ի հունվարին՝ անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացումը խթանելու, կայուն տնտեսական աճ ապահովելու և առևտրատնտեսական կապեր հաստատելու նպատակով: ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԶԲ-ին անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Հայերեն English Русский