Հայկական գինի. երբ լեգենդը կա, բայց պատմող է պետք
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Հայկական գինեգործության ոլորտի խնդիրներից խոսելիս (արտահանման մասով) եւ ներկայացնելով առաջիկա 5 տարիների մարկետինգային ռազմավարության որոշ հարցեր, ռուսական շուկային անդրադարձանք այն կտրվածքով, թե ինչ քայլերով կարող ենք այդ շուկայում մեզ համար տեղ անել։ Մանրամասն ուսումնասիրվել է նաեւ մեր գինիների մուտքի հնարավորությունը լեհական, ամերիկյան (մասնավորապես՝ ԱՄՆ), բելգիական շուկաներ։
Օրինակ, լեհական գինու շուկայի ընդհանուր պատկերը սա է (շատ հակիրճ եւ ըստ նշյալ ռազմավարությունում արծարծված ուսումնասիրության)։ Չնայած լեհական գինու շուկան բաց է տարբեր ծագմամբ գինիների համար, ամենախոշոր մատակարարներն են ավանդական գինի արտադրող եվրոպական երկրները։ Գերմանիան առաջատար ներմուծողն է. 2015թ. ներմուծումը կազմել է 53.4 մլն եվրո (ամբողջ ներմուծման 25.2 տոկոսը)։ Միասին եվրոպական ավանդական գինի արտադրող երկրները գրավել են շուկայի ամուր դիրք՝ կազմելով ամբողջ ներմուծման 62.9 տոկոսը։ 2015թ. զարգացող երկրներից գինու ներմուծումը Լեհաստան կազմել է գինու ընդհանուր ներմուծման 28.2 մլն եվրո (ընդհանուր ներմուծման 13.3 տոկոսը), որը վկայում է, որ 2011 թվականից ի վեր 5.3 տոկոս տարեկան միջին աճ է գրանցվել։ Չիլին ամենախոշոր զարգացող երկիրն է, որը մատակարարում է լեհական գինու շուկան, որին հաջորդում են Արգենտինան եւ Հարավային Աֆրիկան։ Նրանք կազմում են 2015թ. ընդհանուր ներմուծման համապատասխանաբար 6.3, 1.0 եւ 0.7 տոկոսը։ Զգալի ներմուծում իրականացվում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից պատմական կապերի շնորհիվ։ Արեւելյան Եվրոպայի հիմնական մատակարարներն են Բուլղարիան (ընդհանուր ներմուծման 5.4 տոկոսը), Մոլդովան (3.3 տոկոսը), Հունգարիան (1.8 տոկոսը) եւ Չեխիայի Հանրապետությունը (1.7 տոկոսը)։ Բոլորովին վերջերս Վրաստանից գինու ներմուծումը աճել է՝ կազմելով ընդհանուր ներմուծման 1.7 տոկոսը։
Մասնագետները վստահեցնում են. լեհական շուկայում հայկական գինին մեծ հնարավորություններ ունի։ Այլ կերպ՝ Հայաստանը ընդգրկված է GSP+ համակարգի երկրների ցուցակի մեջ (պահանջվում է միայն ծագման հավաստագիր), տարանցումը համեմատաբար կարճ է (10 օր), լեհ սպառողը նախընտրում է քաղցր կարմիր գինի-կիսաքաղցր կարմիր գինիներ եւ նռան գինի, ինչով էլ սկզբնական շրջանում մեր երկիրը կարող է ներկայանալ լեհ սպառողին։
Այս կարգի ուսումնասիրություններ են արվել ԱՄՆ-ի, բելգիական շուկաների մասով։ Չծանրացնենք ընթերցողին տվյալներով։ Նշենք միայն, որ կա ամենակարեւոր խնդիրը, սակայն առանց որի լուծման մենք ոչ մի հաջողություն էլ չենք ունենա գինու արտահանման ոլորտում։
Խոսքս գինու շուկայում քաղաքականությունը ճիշտ տանելու մասին է։ Մեր պարագայում ավելի ստույգ՝ տանուլ չտալու մասին է։ Գինու շուկան էլ քաղաքականություն է, հետեւաբար՝ խաղացողների անազնիվ քայլերը չեն բացառվում։ Մենք մեր գինու քաղաքականությունը պիտի մշակենք՝ պատմական, մշակութային, տնտեսական շերտերով հանդերձ՝ հաշվի առնելով նաեւ մեր դրկիցների մտադրությունները։ Մի օրինակ մեջբերեմ. երբ տարիներ առաջ հարիսան ճանաչվեց թուրքական ուտեստ, մենք մեղադրեցինք յուրացնողին եւ այդ յուրացնողի սուտը գրանցողին։ Մինչդեռ նախ ինքներս մեզ պիտի մեղադրեինք՝ մեր վատ աշխատանքի համար։
Գանք գինու աշխարհին (սիրում եմ մեջբերել այս փաստը). շատ գիտնականներ իրենց հիմնարար հետազոտություններում ապացուցել են, որ Հայաստանն է խաղողի բնօրրանն ու գինու ծիսական կենտրոնը, որ Հայկական լեռնաշխարհից է խաղողագործությունն ու գինեգործությունը տարածվել։ Սա փաստ է։ Ու եթե այս ամենը մենք չենք կարողանում ներկայացնել, ուրեմն վատ ենք աշխատում մենք, այլ ոչ թե դրկիցները։ Այսպես, 2013թ. հունվարի 4-ին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը ցուցադրել էր մի ռեպորտաժ, որտեղ հայկական գինեկարասը համարել է վրացական մշակույթի երեւույթ։ Ռեպորտաժում նշվել էր, թե Վրաստանն է կարասի հայրենիքը, Վրաստանն է կավե անոթներում գինի պահելու մշակույթի վայրը եւ կարասի գործնական կիրառումն արդեն Վրաստանի բացառիկ իրավունքն է, եւ որ այս ամենը գիտական ապացուցման կարիք չունի։ Ընդ որում, այդ ռեպորտաժում շեշտվել էր նաեւ, որ գինեկարասը, որպես ապրանքային առեւտրանիշ, պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ-ում, ուստի մեծ անոթը պատկերելը կամ անունը կիրառելը ոչ մի ընկերություն, առանց վրացական կողմի թույլտվության, չի կարող անել։ Այս ամենն ասում են ու օրինակ են բերում Կախեթիան եւ այստեղից հայտնաբերված կարասի կտորները։
Քննարկել, թե ինչու Վրաստանն այդպես արեց, անիմաստ զբաղմունք է (նույնը՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, նաեւ ոչ դրկիցները)։ Սխալը մերն է, քանզի միջազգային մշակութային հարթակներում չենք խոսում Կարմիր բլուրից հայտնաբերված կարասների մասին, գիտական ապացույցներ (օտարերկրյա գիտնականների) չենք ներկայացնում այն մասին, որ ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել, եւ գինու, օղու եւ գարեջրի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում՝ արդեն Մերձավոր Արեւելքի հնագիտական տվյալների համաձայն։ Լեզվաբանորեն չենք քննում կարաս բառը, չենք ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Կախեթիան՝ ինքնըստինքյան ի ցույց դնելով, թե ինչու է այս տարածքից հայտնաբերված ամեն ինչ հայկական հետքով։ Եվ ի վերջո չենք ասում, որ Հայկական լեռնաշխարհից Հին Եգիպտոս, Բաբելոն եւ այլ երկրներ գինի, մեղր, գարեջուր, պանիր արտահանվել է կարասներով։ Մնում է հավելել ՀՀ-ում հայտնաբերված աշխարհում ամենահին գինու հնձանի փաստը եւ ասել, որ լավ է, որ գիտնականները միայն հայեր չէին։ Էլի կարող ենք փաստեր բերել։ Դրանք բազմաթիվ են։
Մնում է, որ գինու միջազգային շուկայում պահատեղ ունենալ ցանկացող մեր երկիրը միջազգային չափանիշներին համապատասխանի ոչ միայն տնտեսական, որակական, համային, գնային սեգմենտներում, այլեւ՝ քաղաքական հարթակում։ Առանց մեկը մյուսի հաջողություն չենք արձանագրի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարում Արենիի գինու հնձանն է (Ըստ «Ռոյթերս»-ի)