Քաղաքականություն

Աճեմյանը կարծում է, որ արտաքին քաղաքական հարցում Փաշինյանը մեղմորեն պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը

6 րոպեի ընթերցում

Աճեմյանը կարծում է, որ արտաքին քաղաքական հարցում Փաշինյանը մեղմորեն պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական հարցում մեղմորեն պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը: Խորհրդարանում Կարիեն Աճեմյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե արդյոք չի՞ ենթադրվում, որ վաղը բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ներքին քաղաքականությանը, տնտեսությանը, նորից Փաշինյանն իր դիրքորոշումը 180 աստիճանով չի փոխի:

«Հաջորդ հարցը. այս 10 տարիների ընթացքում, դուք ինչպես եք կարծում, արդյո՞ք իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ չէ, որ այս բարենպաստ միջավայրը ստեղծվել է՝ քաղաքացիական հասարակություն, ազատ մամուլ, ժողովրդավարություն, որտեղ դուք կարողացաք որոշակի հաջողություններ գրանցել, որովհետև ի վերջո այս տարիների ընթացքում է, որ մեր երկիրը դարձել է ժողովրդավար և բոլոր այն ժողովրդավարական կառույցները, որոնք գործում են, ի վերջո իշխանությունների շնորհիվ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարինե Աճեմյանը:

Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հայտարարություններ են հնչեցրել, պահանջներ են դրել, որոնք վերաբերել են Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի նախագահներին, ՀՀ-ի գլխավոր դատախազին հեռացնելուն: Կարինե Աճեմյանը ցանկացավ իմանալ, թե ինչպես է դա Փաշինյանն անելու:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նախկինում բազմիցս ասել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում ընդհանրապես վտանգավոր և անթույլատրելի է համարում կտրուկ շրջադարձերը:

«Մենք տեսել ենք, որ որոշ երկրներ, գործիչներ, փորձելով իրենց սուբյեկտիվ ընկալումները համապատասխանեցնել երկրի գոյություն ունեցող, ընթացող իրողություններին, կանգնեցրել են աղետի առաջ: Ես չեմ ասում, որ կողմ եմ քվեարկել Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցությանը, ես ասում եմ, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին իրողություն է, և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Խոսքը չի վերաբերում ինչ-որ բան սրբագրելուն, խոսքը վերաբերում է իրողությունների հետ հաշվի նստելուն, երկրի շահերը հաշվի առնելուն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Կարինե Աճեմյանի՝ իշխանությունների կողմից երկրում բարենպաստ միջավայր ձևավորելու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանում մեծ ներդրում ունի հենց ՀՀ քաղաքացին:

«Այն, ինչ ունի Հայաստանի քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետև անկախությունից ի վեր ՀՀ քաղաքացիները ակտիվիստները, այն տարածքը, որ ունեն, սանտիմետր առ սանտիմետր ազատագրել են ապօրինության ճիրաններից: Այդ ընթացքում զոհվել են տասնյակ ՀՀ քաղաքացիներ, բանտերում են հայտնվել 100-ավոր քաղաքացիներ: Որևէ հանրապետական թող չակնկալի, թե շնորհակալություն ենք հայտնելու, որ մեզ մուտքերում չեք գնդակահարել, որ բանտերում չեք թունավորել: Չակնկալի, թե մենք մեր հաղթանակների, մեր սկզբունքների համար պետք է շնորհակալություն հայտնենք որևէ մեկին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուի ելույթին արձագանքելով՝ Կարինե Աճեմյանը նշեց, որ մենք այլևս ապրում ենք խորհրդարանական երկրում, և այն պատասխանատվության բեռը, որ Փաշինյանը պատրաստվում է վերցնել իր ուսերին, շատ մեծ է:

«Ակնհայտ է, որ ձեր հռետորաբանությունը փոխվել է, բայց այն բեռը, որ ցանկանում եք վերցնել ձեր ուսերին, շատ մեծ է, դուք համոզվա՞ծ եք, որ կարողանալու եք դա տանել, ձեր հայրն էլ չի ցանկանում, որ դուք դառնաք վարչապետ: Համոզվա՞ծ եք, որ ձեր ստեղծած քարոզչամեքենան, որ այսօր ձեզ հերոսացնում է, վաղը չի չեզոքացնելու: Համոզվա՞ծ եք, արդյոք, որ այն հատվածը, որը խոսում է ամբողջ ժողովրդի մասին (ի դեպ, մենք էլ ունենք հետևորդներ, պատկերացրեք, սկզբունքներ), համոզվա՞ծ եք, որ դա չի խարխլելու մեր պետության հիմքերը»,-ասաց Կարինե Աճեմյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում այն մինչև վերջ տանելու հարցում:

«Ես որևէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության վերաբերյալ այլ կերպ մտածելու: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե մեր կողմնակիցները պահանջներ են դրել, ապա ասեմ, որ սա համաժողովրդական շարժում է, որտեղ կարող են լինել տարբեր գաղափարներ, տարբեր իդեաներ և ցանկացած գաղափար կարելի է քննարկել և գալ հետևության: Կոնկրետ այն գաղափարները, որոնց մասին դուք ասում եք, անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, և ինձ ծանոթ չեն»,-հավելեց նա:

Ազգային ժողովի նիստին գրանցվեց 102 պատգամավոր, քվորում ապահովվեց, խորհրդարանը սկսեց աշխատանքները: ԱԺ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում