Դանիել Վարուժանի կյանքի վերջին ամիսները ներկայացնող «Դանիէլ» ֆիլմը մրցանակի է արժանացել միջազգային փառատոնում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:

Ֆիլմի ստեղծման պատմության, դրա յուրահատկությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ժապավենի ռեժիսոր բրիտանահայ Կարօ Պէրպէրեանի հետ։

«Իմ տատն ու պապը տեսել են Հայոց ցեղասպանությունը, և ողջ կյանքում տառապել: Ես միշտ ցանկացել եմ ինչ-որ կերպ անդրադառնալ Եղեռնին` նկարահանելով կինոնկար, որը կտարբերվի այդ թեմային վերաբերող այլ ֆիլմերից: Այս ժապավենով ուզում եմ ցույց տալ պատմության մարդասիրական կողմը: Ֆիլմը արտ-հաուս ժանրի է, պատմում է անհատի մասին և հիմնված է փաստերի վրա: Նպատակս էր այն մատուցել այնպես, որ յուրաքանչյուր դիտող կարեկցանք զգար հերոսի նկատմամբ»,-ընդգծեց ռեժիսորը:

«Դանիէլ»-ը բավականին յուրօրինակ կինոժապավեն է՝ սև ու սպիտակ, երկլեզվյա՝ արևմտահայերեն և անգլերեն՝ հիմնված Դանիել Վարուժանի պոեզիայի վրա: Բերմուդայի փառատոնի ընթացքում ժյուրիի անդամներն ու արվեստասերները դիտել և ֆիլմի միջոցով հասկացել են ցավալի իրականությունը։

Դանիել Վարուժանը մեծ բանաստեղծ էր, կարեկցանքով լի, բարի և սիրված ուսուցիչ։ Իր մարդասիրական ստեղծագործությունները լի են սիրով իր երկրի, բնության, կնոջ գեղեցկության նկատմամբ:

«Դանիել Վարուժանը` ֆիլմի հերոսը, մարմնավորում է ողջ հայ ազգը: Այն, ինչ կատարվել է նրա հետ՝ զրկանքներ, այլ արհավիրքներ և մահ, տեղի է ունեցել նաև հայ ժողովրդի` իմ նախնիների հետ: Վարուժանը կապ չուներ քաղաքականության հետ, Օսմանյան կայսրության համար վտանգ չէր ներկայացնում, բայց դարձավ այդ ողբերգական իրադարձությունների զոհը»,-շեշտեց Պէրպէրեանը:

Ֆիլմում անդրադարձ կա նաև նրա մեծ սիրուն՝ Արաքսիին: Վարուժանի սպանության օրը ծնվել է նրա որդին: «Այդ պահերը արտացոլված են կինոնկարում, քանի որ ընտանիքը նրա կյանքի կարևոր մասն էր, և մեզ համար էական էր անհատին՝ պարզ, գեղեցիկ մարդուն, հրաշալի ընտանիքի հորը, ներկայացնել բոլոր կողմերով ու շեշտել, որ չնայած անմեղությանն ու ազնվությանը՝ նա նույնպես զոհվեց»,-ընդգծեց ռեժիսորը:

Խոսելով ստեղծագործական խմբի առջև ծառացած խնդիրների մասին՝ Պէրպէրեանն ասաց, որ հնարավոր չի եղել նկարահանումներ իրականացնել Ստամբուլում, որտեղ ապրել և ստեղծագործել է Դանիել Վարուժանը, ուստի կինոնկարի մեծ մասը նկարվել է Գյումրիում:

«Ի սկզբանե մտածում էի աշխատանքներ տանել Պոլիսում, սակայն Ստամբուլում ծանոթացա հայտնի «Սպի» ֆիլմի թուրք պրոդյուսերի հետ: Այնտեղ հայկական ներկայության խոր հետք կա, քաղաքով շրջելիս՝ զգում ես, որ մենք այնտեղ արմատներ ունենք: Երբ այցելեցի պրոդյուսերի տուն, որը նախկինում հայի տուն է եղել, նա ինձ ներս հրավիրեց՝ ասելով. «Բարի գալուստ հայկական տուն»: Նա հավանեց ֆիլմի սցենարն ու գաղափարը, բայց ասաց, որ հնարավոր է նկարահանումներ իրականացնել միայն շենքի ներսում: Դրանից դուրս պարզապես անհնար կլինի աշխատել, թույլ չեն տա, կձերբակալեն և այլ խոչընդոտների առաջ կկանգնեցնեն»,-պատմեց Պէրպէրեանը:

Նա խոստովանեց, որ մեծ հիասթափություն է ապրել՝ այդ լսելով: Այնուհետև Հայաստան գալով՝ Կարօ Պէրպէրեանը ծանոթանում է Նարե Տեր-Գաբրիելյանի հետ, ով հուշում է ժապավենը նկարահանել Հայաստանում և հետագայում դառնում է ֆիլմի պրոդյուսերը։ Դժվարանալով հայկական պատմական քաղաքի տեսքը գտնել Երևանում՝ ուղևորվում են Հայաստանի մշակութային մայրաքաղաք՝ Գյումրի:

Ռեժիսորը հիացել է տեղի գեղեցիկ ճարտարապետությամբ: Ֆիլմի որոշ դրվագներ արվել են քաղաքի կայարանում, Վարուժանի բանտարկության տեսարանները նկարահանվել են Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի նկուղում: Կինոնկարում ներգրավվել են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ: Դանիել Վարուժանին մարմնավորել է Տիգրան Գաբոյանը, ոստիկանապետ Բեդրի Բեյի դերում Սամվել Գրիգորյանն է, ֆիլմում նաև խաղում է դերասան Վահագն Մարտիրոսյանը։

«Բոլորը հրաշալի արտիստներ են, բարձր պրոֆեսիոնալներ, մեծ սրտի տեր մարդիկ, որոնց շնորհիվ ինձ Գյումրիում զգում էի ինչպես իմ ընտանիքում: Նկարահանումներն այնտեղ հինգ օր են տևել: Նշեմ, որ ֆիլմում կան որոշ հատվածներ, որոնք նկարահանվել են Անգլիայում»,-ասաց նա:

Ինչպես նշվեց, ֆիլմը երկլեզվյա բանաստեղծությամբ է պատմվում, և որպեսզի այն մոնոտոն չհնչի, նաև արևմտահայերենով երկխոսություն կա: «Պետք էր, որ արևմտահայերենը շատ հստակ լիներ, ճիշտ հնչողությամբ: Այդ իսկ պատճառով Վարուժանի պոեզիան ներկայացրել է արևմտահայ դերասան Եղիա Աքգունը: Ըստ իս՝ Տիգրանի խաղը և նրա ձայնը ներդաշնակ են: Չորս ամիս փնտրում էինք Վարուժանի ձայնը, և տխուր էր, որ շատ քչերն են կարող մաքուր, սահուն արևմտահայերեն ստեղծագործություն կարդալ, և հրաշալի էր Եղիային գտնելը»,-ասաց նա:

Ֆիլմում անգլերենով հնչում է նաև բրիտանացի գրող Բեն Հոջսոնի պոեզիան, որը կարդում է «Մատանիների տիրակալը», «Գահերի խաղը» ֆիլմերից հայտնի Շոն Բինը:

Կինոժապավենում հնչում են Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի (որը մեծ բարեգործական գործունեություն էր ծավալել 1988-ի երկրաշարժից հետո) և Գյումրիի սիրելի որդի Տիգրան Համասյանի երաժշտական ստեղծագործությունները:

Կինոնկարը դեռ նոր է սկսում իր փառատոնային արշավը: Կարօ Պէրպէրեանը պատրաստվում է տարվա ընթացքում այն ներկայացնել մի շարք կինոփառատոններում, հնարավորության դեպքում կցանկանա նաև այն ցուցադրել Երևանում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում