Սփյուռք

Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի մյուս բնակիչների նման դիմագրավել է ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: «Միակողմանի գործողությունները կամ ագրեսիան միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են, որը կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս, ինչը, միևնույն ժամանակ, ինքնիշխան պետության սկզբունքների կոպիտ խախտում է: 7 տարուց ավելի է արդեն մեր ժողովուրդը դիմադրում էր միջազգային ահաբեկչությանը, իսկ հիմա էլ դիմադրում է նման ագրեսիայի: Սիրիայի ժողովուրդն ավելի է ամրապնդում ինքնիշխանության հիմքերը: Այսօր առավոտյան քաղաքի հրապարակները լցված էին քաղաքացիներով, որոնք տոնում էին հաղթանակը ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիայի դեմ, որը չկարողացավ իր նպատակին հասնել»,-հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով` սիրիական բանակի հաղորդագրությամբ հաստատվել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն իրականացվել են առավոտյան ժամերին: «Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խափանել են 100-ից ավելի հրթիռներ, որոնց թիրախն էր Դամասկոսի Պերզե շրջանի ռազմահետազոտական կենտրոնը և այլ ռազմակայաններ, ինչպես Հոմս քաղաքի մոտ, ուր միայն նյութական վնաս են կրել»,-հայտնեց Նորա Ասիրյանը:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում