Հայ մասնագետների ՏՏ լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետների լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եթովպիայում հայ համայնքի, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Թամար Գևորգյանը, վերջին 4 տարվա ընթացքում ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ և արդյունքները շատ շուտով շոշափելի կլինեն:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը, որը տարիներ շարունակ հազարավոր դպրոցականների է կրթում, կներդրվի Եթովպիայում: Այդ առնչությամբ համապատասխան պայմանավորվածություն կա Եթովպիայի Կրթության նախարարության հետ, արդեն երկու շրջան հետաքրքրված է այս փորձն իրենց դպրոցներում ներդնելու հարցով»,-ասաց Թամար Գևորգյանը:

Նա նշեց, որ Եթովպիան ունի բավական մեծ՝ 100 միլիոնանոց շուկա: Միայն մեկ շրջանում գործում է 16 հազար դպրոց: Դա խոսում է այն մասին, որ հայ մասնագետների լուծումները Եթովպիայում կիրառելու համար մեծ հնարավորություններ կան:

«Իրականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետները շատ հետաքրքիր լուծումներ են առաջարկում, որոնց կարիքը Եթովպիայում ունենք: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները դրանցից մեկն են: Արդեն պայմանավորվածություն կա, որ մինչև տարվա վերջ մոտ 10 դպրոցում այդ փորձը կներդրվի»,-տեղեկացրեց Թամար Գևորգյանը: Հայաստանի մասնագետները կաշխատեն Եթովպիայի գործընկերների հետ, կվերապատրաստվեն մեծ թվով ուսուցիչներ, այնուհետև համատեղ գործակցությամբ ծրագիրը կյանքի կկոչվի: Թամար Գևորգյանը նշեց, որ նպատակ ունեն ինժեներական լաբորատորիաների փորձը տարածել ամբողջ երկրում՝ ստեղծելով ցանց:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանի մասնագետների լուծումներից առաջինը չեն, որ մուտք են գործում Եթովպիա: Թամար Գևորգյանը նշեց, որ արդեն մեկ մասնավոր հայկական կազմակերպություն իր առաջարկներով մուտք է գործել շուկա, ձեռք բերել գործընկերներ ու հաջողությամբ գործում է:

Անդրադառնալով Եթովպիայի հայ համայնքին՝ Թամար Գևորգյանը նշեց, որ այն բավական հին է: Հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ շատ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա և հաստատվել այնտեղ: Տեղի հայերը մշտապես աչքի են ընկել իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ: Թամար Գևորգյանը նկատեց, որ ժամանակին հայերը եղել են թագավորի խորհրդականներ, աշխատել են տարբեր ոլորտներում:

Այսօր էլ այդ ավանդույթները շարունակվում են, տեղի հայերն առանձնանում են իրենց կարգապահությամբ, աշխատասիրությամբ, նվիրվածությամբ: Աշխատում են տարբեր ոլորտներում, սակայն հիմնականում ներկայացված են բիզնեսում:

«Ներկայում Եթովպիայում ապրում է մոտ 120 հայ: Այստեղ հայոց լեզվի պահպանության խնդիրն օրակարգային է: Հիմնականում տարիքով հայեր են մնացել, երեխաներ շատ քիչ կան, հետևաբար հայերեն սովորեցնելու պահանջարկ չկա: Այստեղ գործում է Ազգային Գևորգով վարժարանը, սակայն այսօր հայ ընտանիքներում աշակերտ չկա, որ գնա այդ վարժարան, այլ ազգի երեխաներ են այնտեղ սովորում: Տեղի հայերի մի մասը չի ամուսնանում, մի մասն էլ միմյանց ազգականներ են, հետևաբար այստեղ խառն ամուսնություններ են գրանցվում»,-ասաց նա:

Այս իրավիճակում Թամար Գևորգյանը կարևորեց Հայաստանի հետ կապի ակտիվացումը, այցերի շատացումը: Նա նշեց, որ փորձում են տարվա մեջ գոնե մեկ անգամ լինել Հայաստանում: Թամար Գևորգյանն անհրաժեշտություն համարեց Եթովպիայում Հայաստանի ներկայությունն ապահովելը:

«Այստեղ դեսպանատուն չունենք: Եթե դեսպանատուն բացվի, ապա շատ լավ կլինի: Այն օգտակար կլինի հայապահպանության գործում: Այժմ ինչ անում ենք մեր համայնքի ուժերով ենք անում, տարբեր միջոցառումներով փորձում ենք պահպանել մեր լեզուն, մշակույթը»,-հավելեց նա:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են