ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր մրցաշարային աղյուսակի հետնապահ Ուեսլի Սոյի հետ: Ավելի քան 6 ժամ ձգված մրցախաղից հետո Արոնյանը պարտիայի 78-րդ քայլին անձնատուր եղավ:
Մյուս պարտիաներից ավարտվել են միայն Մամեդյարով-Կարյակին, Կարուանա-Գրիշչուկ խաղերը, որտեղ գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: