Տնտեսություն

Հայկական արտադրության կոշիկը մոսկովյան միջազգային ցուցահանդեսում է

2 րոպեի ընթերցում

Հայկական արտադրության կոշիկը մոսկովյան միջազգային ցուցահանդեսում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 8 ձեռնարկություն աշխարհի ավելի քան 1000 ապրանքանիշերի շարքում մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է «Mosshoes 2018» կոշիկի և կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Mosshoes» միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին և խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։ Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական և փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ և այլ արտադրատեսակներ։

Նախորդ տարի գարնանը և աշնանը կայացած «Mosshoes» էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել են շուրջ 682 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։

«Mosshoes»-ը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետևելու միջազգային միտումներին և, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» և «Բեբետա» ապրանքանիշերը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային էքսպոյին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանման ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում