Իսրայելում եկեղեցապատկան կալվածքների իրավունքները պատկանում են եկեղեցուն. Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ 

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի և եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձելու մասին քաղաքապետարանի որոշման դեմ ի հայտ եկած խնդիրների լուծման համար ստեղծվել է հանձնաժողով, որի հետ աշխատելու են նաև քրիստոնեական հոգևոր հաստատությունների ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը` անդրադառնալով վերջին շրջանում այնտեղ առկա իրավիճակին:

-Ասացեք խնդրեմ, վերջին զարգացումներն ի՞նչ փուլում են, առաջացած խնդիրն ի՞նչ հանգուցալուծում ստացավ:

-Փետրվարի վերջին իրավատեր երեք հոգևոր պետերը որոշեցին Սուրբ Հարության տաճարի դուռը բացել, որովհետև որոշման նախորդ օրը Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտարարություն տարածվեց: Դա վերաբերում էր թե քաղաքապետարանի որոշմանը, որ եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձվեն, և թե Կնեսետում շրջանառվող օրինագծին՝ ըստ որի, եթե եկեղեցապատկան որևէ կալվածք անհատ ընկերությանը վարձակալության տրվեր, ապա պետությանն իրավունք էր տրվում այդ կալվածքը բռնագրավելու` փոխհատուցում վճարելով եկեղեցուն: Համաձայն վարչապետի գրասենյակից ստացված հայտարարության՝ այս երկուսը` օրինագիծը և քաղաքապետարանի որոշումը, առկախված են: Վարչապետի կողմից հանձնաժողով նշանակվեց, որում կան ներկայացուցիչներ քաղաքապետարանից, ֆինանսների, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններից: Բացի այդ, բոլոր քրիստոնեական հոգևոր հաստատությունների կողմից պետք է լինեն ներկայացուցիչներ բանակցություններ վարելու, այդ երկու հարցի հետ կապված ընդհանուր որոշման գալու համար:

-Պարզ է, որ այս խնդիրը միանգամից չծագեց: Երուսաղեմում եկեղեցապատկան հողերի հետ կապված խնդիրը, ընդհանուր առմամբ, որքա՞ն ժամանակ է խմորվում:

- Կարելի է ասել, որ Երուսաղեմում կալվածքի վերաբերյալ օրինագիծն արդեն մեկ տարի է նախապատրաստական փուլ էր անցնում: Պատճառը հետևյալն է. 2010 թվականից սկսած Հունաց պատրիարքարանը համաձայնագրեր էր ստորագրել պետության կողմից ճանաչված որևէ ընկերության հետ: Այն ընկերությունը, որը 99 տարով վարձակալությամբ վերցրել էր որևէ եկեղեցապատկան տարածք, ինչ-որ մի փուլում հրաժարվել էր իր այդ իրավունքից և պատրաստ էր իր վարձակալության իրավունքը վաճառելու երրորդ կողմի: Փաստորեն, Հունաց պատրիարքը 2010 թվականից սկսած համաձայնել էր, որ այդ երրորդ կողմը կարող էր լինել անհատ որևէ ընկերություն: Եվ այդ թվականից սկսված բավական կալվածքների վարձակալության իրավունքն այդ ձևով փոխանցվել էր անհատ կազմակերպությունների: Սա էր պատճառը, որ այս օրինագիծը սկսեց շրջանառվել:

-Դա առիթն էր, իսկ երկրում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ քաղաքականություն կա եկեղեցապատկան հողատարածքների նկատմամբ:

- Եկեղեցապատկան կալվածքների իրավունքները եկեղեցուն են պատկանում, դրանք հստակ արձանագրված են: Այդ կալվածքները ծառայում են որպես եկամտի աղբյուր տվյալ եկեղեցու գոյատևման, առաքելության իրականացման համար: Եղել են դեպքեր, որ պետության եկեղեցապատկան կալվածքները հռչակվել են «կանաչ գոտի» կամ հանրային այգի: Երբ եկեղեցուն պատկանող կալվածքի նկատմամբ հայտարարվում է «կանաչ գոտի», այդտեղ եկեղեցին ոչինչ չի կարող իրականացնել: Պետությունն էլ չի կարող ոչինչ իրականացնել՝ առանց տվյալ եկեղեցու համաձայնության: Նման դեպքեր կան, անշուշտ, դա մեծ վնաս է հասցնում եկեղեցուն, որովհետև այսօր այդ կալվածքների հետ կապված որևէ ծրագիր, որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել: Իսկ մենք գիտենք՝ որքան շատ ծրագրեր, նախագծեր լինեն, այդքան շատ եկամուտներ կապահովվեն եկեղեցական հաստատության համար: Իսկ եկամտի դեպքում առաքելությունն ավելի արդյունավետ կարելի է իրականացնել:

-Քաղաքապետարանն իր որոշումը բացատրել էր այն հանգամանքով, որ բյուջեն ճեղքվածք ունի, չեն կարողանում բավարար չափով գումար հավաքագրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պատճառաբանությունը:

-Եկեղեցիները, վանքերը դարեր շարունակ ազատված են եղել հարկեր վճարելուց: Մենք երբեք չենք համաձայնվի, որ եկեղեցիների և վանքերի համար հարկեր սահմանվեն: Դա չի կարող որպես միջոց համարվել քաղաքապետարանի բյուջեի բացը լրացնելու համար: Պետք է ուրիշ միջոց գտնեն այդ բացը լրացնելու համար: Քաղաքապետը դիմել էր Ֆինանսների նախարարին, երբ մերժում ստացավ, նոր գնաց այս քայլին: Ամեն դեպքում, երբ այնտեղ ասվում է պարտք, մենք դա պարտք չենք համարում, որովհետև դարեր շարունակ մենք ազատված ենք եղել հարկերից, նման պարտքը մեզ համար անընդունելի է: Այն բոլոր եկեղեցապատկան կալվածքները, որոնք տրված են վարձակալության, այդտեղից հարկեր վճարվում են: Մենք դեմ ենք, որ հարկեր սահմանվեն եկեղեցիների, վանքերի համար, իսկ դրանցից դուրս բոլոր շահութաբեր կալվածքների համար քրիստոնեական հաստատությունները հարկեր վճարում են:

- ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, օրինագծի ու քաղաքապետարանի որոշման հետ կապված զարգացումները որքանո՞վ են ազդում զբոսաշրջային հոսքի վրա:

-Անշուշտ, ԱՄՆ նախագահի հայտարարությունից, ինչպես նաև եկեղեցու դուռը փակելուց հետո ուխտավորների, զբոսաշրջիկների թվի անկում է նկատվում: Քանի որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո բռնություններ եղան, կոնֆլիկտը, կարծես, արթնացավ, շատերը չեղարկեցին այցը: Նույնն էլ Սուրբ Հարության տաճարի դուռը փակելուց հետո, երբ ուխտավորը գալիս է Սուրբ երկիր, առաջին այցելության վայրը Սուրբ Հարության տաճարն է: Եվ եթե ուխտավորը մտածում է, որ պետք է հասնի Երուսաղեմ ու չտեսնի երկու կարևոր սրբավայրերը, կմտածի այդ պահին այցը չեղարկելու մասին:

-Եթե չեմ սխալվում, հայ համայնքի ներկայացուցիչներն ավելի շատ սպասարկման ոլորտում են ներգրավված` առևտուր, ծառայությունների ոլորտ: Կարծում եմ, որ այցելությունների կրճատումը, նաև տնտեսապես ազդեցություն է թողնում տեղի բնակիչների, այդ թվում հայ համայնքի վրա:

-Այո, ճիշտ եք, հայերը հիմնականում սպասարկման ոլորտում են: Քաղաքի այցելուների թվի կրճատումը, իհարկե, ազդեցություն է թողնում տեղի բնակիչների, այդ թվում հայերի վրա: Բայց տեղի բնակիչները սովոր են կարծես, որ այստեղ երկարատև հանգիստ իրավիճակ չի լինում: Անընդհատ ինչ-որ մի դեպք, գործողություն լինում է, որը բացասաբար է ազդում սպասարկման ոլորտի վրա, որոշ ժամանակ հետո իրավիճակը վերականգնվում է: Ասեմ, որ միայն Երուսաղեմի հայկական թաղամասում ապրում է 3 հազար հայ: Ընդհանուր առմամբ, Սուրբ երկրում, նկատի ունեմ թե Իսրայելի, թե Պաղեստինի հատվածները, ապրում է մոտ 8 հազար հայ: Մեր բոլոր ծրագրերը, ձեռնարկներն իրականացնում ենք միացյալ հանձնախմբի միջոցով, որտեղ ներկայացված են բոլոր միությունները: Ակտիվ համագործակցություն կա:

Աննա Գզիրյան

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ