Հրանուշ Հակոբյանը գոհ է Լիոնի հայերի համար ստեղծված պայմաններից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 6-ին ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարն ու քաղաքապետը քննարկեցին Լիոն քաղաքում ապրող հայկական համայնքին առնչվող որոշ հարցեր։

Նախարարությունում հանդիպմանը ներկա էր նաև Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությունը՝ Լիոնի փոխքաղաքապետ Կարին Դոնին-Սոզը, Լիմոնեստի քաղաքապետ Մաքս Վենսանը, Լիոնի համալսարանի նախագահ և CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահը, Լիոն-3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Լիոնի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ, ֆրանսիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հրանուշ Հակոբյանը հանդիպման ընթացքում նշեց, որ շատ ուրախ է Կեպենեկյանի Հայաստան այցի համար։

«Լիոնը մեր նախարարության համար առանձնահատուկ քաղաք է, քանի որ այնտեղ շատ հայեր են ապրում՝ Ռոն Ալպերում ապրում է մոտավորապես 150 հազար հայ, և նրանցից մոտ 50 հազարն ապրում է Լիոնում։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանություններին, ինչպես նաև նախկին քաղաքապետին՝ այն պայմանների համար, որ ստեղծված են հայկական փոքրամասնության լեզուն, մշակույթը, կրոնը պահպանելու համար։ Շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայում հայերը հպարտ քաղաքացիներ են, բայց նաև շարունակում են հավատարիմ մնալ իրենց լեզվին և արմատներին։ Լիոնում մեր հայրենակիցներն իրենց շատ լավ են զգում և շարունակում են կրթությամբ, մշակույթով, բիզնեսով զբաղվել և ներդրումներ ունենալ այդ ոլորտներում»,- ընդգծեց նախարարը։

Լիոնի քաղաքապետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ընդգծեց, որ Հայաստանի և սփյուռքի միջև փոխհարաբերության պատմությունը կենտրոնամետ պատմություն է։

«Վերջին 30 տարիների ընթացքում պատմությունը ստիպել դիմակայել մի շարք դժվարին իրավիճակների՝ պատերազմ, սով, երկրաշարժ և նախորդ համակարգի փլուզում ու, վերջապես, նոր երկրի կառուցում, արարում բարդ պայմաններում։ Մենք գիտենք, որ սփյուռքը միշտ փորձել է մասնակցել այդ գործընթացներին։ Այս ամբողջ պատմությունը մենք վերապրել ենք՝ ընդ որում ձեռք ձեռքի տված, սակայն այսօր այն փաստը, որ Լիոնի քաղաքապետը հայկական ծագում ունի, բայց ով իր սրտում կրում է երկու մշակույթ, մի նոր նշան է։ Մեր այս այցով մենք ցանկանում ենք բացել մի նոր էջ մեր փոխհարաբերություններում՝ ստեղծել նոր գիրք մեր համագործակցության շրջանում»,- նշեց Ժորժ Կեպենեկյանը։

Նրա խոսքով՝ երկօրյա քննարկումներն արդեն իսկ նոր դռներ են բացում համագործակցության համար։

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը և իր գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 3-8-ը գտնվումեն Երևանում։

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ