Տնտեսություն

Կառավարությունը դեմ է կրիպտոարտարժույթների շուկայի ազատականացմանը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը դեմ է կրիպտոարտարժույթների շուկայի ազատականացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ օրինագիծը սահմանում է «մայներ» հասկացությունը, մայներների նկատմամբ հարկային արտոնություններ է սահմանում, ինչպես նաև պահանջներ է նախատեսում դրանց գրանցման մասով: Կարայանի խոսքով, օրինագիծը ոլորտը կարգավորող իրավական նորմեր չի պարունակում: «Օրինագիծը վերաբերում է միայն մայնինգի գործընթացներին, կրիպտոարժույթների թողարկմանն ու վաճառքին, մինչդեռ թվային տեխնոլոգիաները լայն հասկացություն են: Այս կապակցությամբ կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը. առաջատար երկրների մեծամասնությունը կոչ է անում ձեռնպահ մնալ կրիպտոարժույթներով գործարքներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Նրա խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այս ոլորտի արդյունավետ կարգավորումը գործնականում անհնար է. ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն կրիպտոարժույթների կառավարման և վերահսկողության հստակ ու համալիր մոտեցումներ դեռ չի մշակել, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով զսպել եւ կառավարել դրանց բնորոշ ռիսկերը: «Օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով ռիսկի մի շարք գործոններ, ինչպիսիք են փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը, խարդախությունը, հաքերային հարձակումները, սպառողների շահերի խախտումը, կրիպտոարժույթների գների բարձր տատանողականությունը», - ասաց Կարայանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում