ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի տեղեկատվական կենտրոնում հունվարի 24-ին տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ 2017թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ լրագրողներ և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ասուլիսի մեկնարկում բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով՝ սկզբում ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները, մասնավորապես կանգ առնելով փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր: Այնուհետև Լ. Մնացականյանն անդրադարձել է հակառակորդի անցկացրած զորավարժություններին, առաջնագծում վերջինիս իրականացրած կահավորական աշխատանքներին ու զենքի և զինտեխնիկայի գնումներին: Ներկայացնելով 2017թ. պաշտպանության բանակում կատարված աշխատանքները՝ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը: Նախորդ տարվա ընթացքում բանակում կատարված աշխատանքներից Լևոն Մնացականյանն առանձնացրել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը, մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացումը, զինվորական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները, հրետանային և ՀՕՊ համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ կատարված քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, նորագույն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահավորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական և թիկունքային ապահովության բարձրացման հարցերը:

Ամփոփելով տարին՝ բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի ներդրմանը և այլն:

Հայերեն English

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան