Հասարակական

Իրանագետը հայկական տեսակետը հարևան երկրում տարածելու գործում կարևորում է «Արմենպրես»-ի և «Իռնա»-ի համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

Իրանագետը հայկական տեսակետը հարևան երկրում տարածելու գործում կարևորում է «Արմենպրես»-ի և «Իռնա»-ի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետ Վարդան Ոսկանյանը անցնող տարին հաջողված է համարում հայ-իրանական հարաբերություններում մշակույթի և գիտության ոլորտում ակնհայտ ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետը հատկապես կարևորեց իրանական ԶԼՄ-ներում հայկական ներկայության ընդլայնումը, ինչը մեր երկրի տեսակետները Իրանում տեսանելի դարձնելու շատ լավ հնարավորություն է: «Այս տարի իրանական ԶԼՄ-ներում տեղ են գտել հայկական թեմայով հրապարակումներ: ՀՀ նախագահի երկու հարցազրույցները հրապարակվել են «Շարղ» օրաթերթում, որը ներկայացնում է Իրանի նախագահ Ռոհանիի քաղաքական թևի տեսակետները, «Իռնա» լրատվական գործակալության էջերում, որը Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունն է: Իրանական առաջնակարգ օրաթերթերում հրապարակումներով հանդես են եկել հայաստանցի փորձագետներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վարդան Ոսկանյանը:

Այս շարքում նա մատնանշեց Արցախի արտգործնախարարի հարցազրույցի հրապարակումը «Շարղ» օրաթերթում, ինչն, ըստ իրանագետի, հսկայական աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում, քանի որ նրանք հայ-իրանական գործակցությունն այս դաշտում իրենց համար վտանգավոր են համարում:

ԶԼՄ-ների համագործակցության համատեքստում Վարդան Ոսկանյանը կարևորեց «Արմենպրես» և «Իռնա» գործակալությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: «Հայաստանի առջև 80 միլիոնանոց դաշտ է բացվում: ԶԼՄ-ների առումով Իրանն ամենազարգացած երկրներից մեկն է, այստեղ զգալի ծավալով թերթ է վաճառվում: Կարևոր է Իրանի ներսում հայկական շահերն առաջ տանող լոբբիստական զանազան խմբեր և հասարակական կարծիք ձևավորելու տեսանկյունից»,-հավելեց իրանագետը: Բանախոսը հիշատակեց նաև «Շարղ»-ի գլխավոր խմբագրի հարցազրույցը հայկական «Առավոտ» օրաթերթին:

Վարդան Ոսկանյանի խոսքով` 2017-ի ընթացքում տեղի են ունեցել փոխայցելություններ փորձագետների մակարդակով: «Միայն վերջին ամիսների ընթացքում երևի 6-7 փորձագետ Իրանում մասնակցել է զանազան քաղաքագիտական քննարկումների, կլոր սեղանների, գիտաժողովների, ինչը չափազանց կարևոր է հայկական տեսակետը իրանական փորձագիտական շրջանակներում հավուր պատշաճի ներկայացնելու առումով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտի հաջողություններին, ապա իրանագետը հատկապես շեշտեց հայ-իրանական համատեղ ֆիլմի ցուցադրությունը Երևանում, որը երկկողմ ֆիլմարտադրության լավ սկզբնավորման մասին է վկայում: «Իրանական ֆիլմարտադրությունը համաշխարհային ճանաչում ունի և չափազանց կարևոր է, որ Հայաստանն այս առումով գործակցության լայն եզրեր ունենա իրանցիների հետ»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում