Տնտեսություն

Հաճախակիացել են հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հաճախակիացել են հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համայնքներում, տնտեսական ակտիվությանը զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ «Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին։ Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց սահմանել հսկողություն գերատեսչությունների կողմից հաստատված կարգով ժամկետների պահպանման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում