Արցախ

Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների

2 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովում, արդեն ավանդույթ դարձած «Բաց դռների օր» նախաձեռնության շրջանակում, դեկտեմբերի 11-ին՝ Պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ հյուրընկալվել են Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները և նրանց ուղեկցող ուսուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի խորհրդարանի լրատվական ծառայությունից, այցի ընթացքում դպրոցականները շրջել են ԱԺ շենքում, եղել են լիագումար նիստերի դահլիճում, ԱԺ գրադարանում, ծանոթացել մշտական հանձնաժողովների աշխատանքներին և զրուցել պատգամավորների հետ:

Աշակերտներին այնուհետև ընդունել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նշել է, որ նման նախաձեռնության նպատակը գալիք սերնդին երկրի կառավարմանը մոտիկից ծանոթացնելն է, ինչը կարող է որոշիչ լինել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Խորհրդարանի ղեկավարը հյուրերին է ներկայացրել Արցախում պետականաշինության կայացման ուղին, անդրադարձել կառավարման համակարգի առանձնահատկություններին և սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը պետության ապագա կառավարիչներին խորհուրդ է տվել գիտելիքներ ու հմտություններ կուտակել՝ ոգու, ուժի և օրենքի երկիր կառուցելու նպատակով, հաշվի առնելով իրենց հարազատ գյուղի և Արցախի փառահեղ անցյալը:

Դպրոցականներն Ազգային ժողովի նախագահին են առաջադրել երկրի կառավարման մարմիններին և արտասահմանյան ուսումնառությանը վերաբերող հարցեր:

Ազգային ժողովից պատանի հյուրերն այցելել են նաև Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել հասակակիցների գործունեությանն ու արդեն գրանցած հաջողություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում