Դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հոկտեմբերի 4-ին այցելեց Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ Հայաստանի և հայ-բելառուսական հարաբերությունների վերաբերյալ հանդես եկավ դասախոսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով ուսանողներին՝ դեսպան Եսայանը ներկայացրեց անկախ Հայաստանի անցած ուղին, ներկա տնտեսական իրավիճակը, ներդրումային քաղաքականությունը, ՀՀ ինտեգրացիոն գործընթացները, ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ճանպարհը և ԵՄ-ի հետ հարաբերությունների ներկա մակարդակը:
Դեսպանը նաև անդրադարձավ հայ-բելառուսական հարաբերություններին՝ հատկապես ուշադրություն դարձնելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա փուլին, ներուժին և հեռանկարներին: Դասախոսության ավարտին դեսպան Եսայանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:
Ուսանողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ դեսպան Եսայանի և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Շիմովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում երկու երկրների, մասնավորապես՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հեռանկարները: