ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը կարեւոր է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից հատկապես Արցախի ժողովրդի իրավունքների շեշտադրման առումով: Նրա խոսքով՝ թեպետ առաջին անգամը չէ, որ այս խնդիրը հնչեցվում է, սակայն իսկապես հատկանշական է, որ չնայած Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, չպետք է անտեսել այնտեղ ապրող ժողովրդի բարոյական եւ մարդկային իրավունքները:
«Կարեւոր շեշտադրում էր այն, որ պետք չէ Արցախի՝ որպես պետություն չճանաչված լինելը խանգարի Արցախում ապրող ժողովրդի իրավունքների իրացմանը: Դա կարեւոր հաստատում է, որովհետեւ իսկապես խնդիր է, որ երբեմն միջազգային կառույցներն այնպես են վերաբերվում, որ կարծես եթե Արցախը չունի միջազգային ճանաչում, ուրեմն ժողովուրդն էլ չունի այդ տարրական մարդկային իրավունքներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Կիրո Մանոյանի կարծիքով՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հնչած ելույթներից չպետք է անկնկալել անմիջական արդյունք, քանի որ այնտեղ պետությունների ղեկավարները համաշխարհայի լսարանին ներկայացնում են իրենց քաղաքականության որոշ կետերը:
«Սա Սերժ Սարգսյանի, որպես ՀՀ Նախագահ, վերջին ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում, եւ նա փորձեց բավականին ուժեղ շեշտադրում դնել մեր հիմնական խնդիրների վրա՝ հատկապես արցախյան հարց, Թուրքիայի հետ կապված հարցեր»,-նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ է կարծում տարածքների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին, Կիրո Մանոյանը պատասխանեց.
«Որեւէ բան իզուր տեղը խոսելը հիմա անիմաստ է: Առաջնահերթ հարց է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որովհետեւ այսօրվա սահմանները փաստացի ամբողջական չեն»: