Արցախ

Մոսկվայում բացվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում բացվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված  միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստում՝ Մոսկվայի հայկական համալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին պաշտոնապես բացվել է «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի 300 տարվա թեմը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովին մասնակցել են ավելի քան 60 ականավոր գիտնականներ, եկեղեցու և արվեստի պատմաբաններ, արվեստագետներ Ռուսաստանից, Հայաստանից և Ուկրաինայից:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, նշելով, որ գիտաժողովը մնայուն արժեքների վերածննդի շարունակությունն է, որը միավորում է բոլորին սուրբ նախնիների մեծ ժառանգության պահպանման գործում և դրանով իսկ նպաստում հոգևոր, մշակութային և գիտական փոխադարձ հարստացմանը, ինչպես նաև ռուս և հայ ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ելույթում ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը ողջ իր 300-ամյա գործունեության ընթացքում անգնահատելի դեր ունի հայ ժողովրդի կյանքում, որը իրականացրել է հոգևոր առաքելություն Ռուսաստանում ապրող հայերի համար:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում կուսումնասիրվի Ռուսաստանում հայկական թեմի զարգացման տարբեր ասպեկտները, նշանավոր հասարակական եւ եկեղեցական գործիչների կենսագրությունները, արվեստի, կրթության, հայագիտության խնդիրների վերաբերյալ հարցերը և այլն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում