Արցախ

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսանող աղջիկների թիվն ավելացել է

4 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսանող աղջիկների թիվն ավելացել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը 2016-2017 ուսումնական տարում ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս մասին տեղեկացրել է Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը և հավելել, որ նրանցից 10 շրջանավարտ ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 1 աղջիկ էլ ընդունվել է Ա. Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ, մնացածը՝ ՌԴ տարբեր ուսումնական հաստատություններ:

«Այս տարի ընդունված 56 սանից 7-ն աղջիկներ են. նրանք անցել են նախնական զինվորական պատրաստության կատարելագործման դասընթացներ: Նախորդ տարվա համեմատ այս տարվա ընդունվածների կրթական մակարդակը որոշակիորեն բարձր է, ինչն էլ հեշտացնում է կրթադաստիարակչական աշխատանքները: Տարեցտարի ավելանում է վարժարան ընդունվող աղջիկների թիվը. այս պահին վարժարանում սովորում է 17 աղջիկ: Աղջիկների մուտքը վարժարան ազդում է տղաների պահվածքի, խոսքի կուլտուրայի վրա, խթանում գրական-գեղարվեստական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը»,-նշել է Վահրամ Հակոբյանը:

Ռազմամարզական վարժարանի հայոց պատմության և հասարակագիտության դասախոս Ալյոնա Գրիգորյանը, խոսելով կրթարանի ուսուցման պրոցեսի մասին, նշել է, որ վարժարանում դասավանդում են ընդհանուր հոսքի առարկաներ, սակայն շեշտը դրվում է բնագիտական առարկաների վրա: «Մինչ ուսումնական տարվա մեկնարկը 1 շաբաթ ժամկետով աշակերտները գալիս են վարժարան և ծանոթանում նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկային: Այդ ժամանակամիջոցում ծանոթանում են նաև վարժարանի ներքին կարգուկանոնին, իսկ արդեն սեպտեմբերից, որպես վարժարանի սան, կանոնավոր հաճախում են դասերի»,- ասել է Ալյոնա Գրիգորյանը:

Առաջին կուրսի ուսանող Բորիս Ջալալյանը նշել է, որ մանկուց է երազել զինվորական կրթություն ստանալու մասին: «Ընտանիքս համաձայնել է, որ, ընդունվելով ռազմամարզական վարժարան, իրականացնեմ իմ երազանքը: Հեշտությամբ եմ հարմարվել վարժարանի կարգ ու կանոնին, ձեռք եմ բերել նոր ընկերներ: Ինձ լավ եմ զգում, որովհետև մեզ հետ աշխատում են փորձառու, գրագետ սպաներ, ովքեր ցուցաբերում են բարյացակամ վերաբերմունք: Վարժարանն ավարտելուց հետո որոշել եմ ուսումս շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ընդգծել է Բ. Ջալալյանը։

Վարժարանի երրորդ կուրսի սան Ինգա Եփրեմյանը երազում է դառնալ զինվորական իրավաբան, պաշտպանել զինվորների և սպաների իրավունքները: «Ես ևս հարմարվել եմ վարժարանի առօրյային: Տղաների հետ մեր շփումը լինում է միայն դասերի ժամանակ: Մեր՝ աղջիկներիս ներկայությունը տղաների վարքի վրա շատ դրական է ազդում»,- նշել է Ինգա Եփրեմյանը:

Իսկ Արփինե Ավանեսյանն էլ ասել է, որ իր ռազմական կրթություն ստանալու որոշումը առաջացել է ապրիլյան պատերազմից հետո. այդ օրերի ծանր կորստյան ցավը, հաղթանակի հպարտությունն անտարբեր չի թողել ոչ ոքի: «Եթե մենք միասին ենք, ուրեմն անկոտրում ենք. մեզնից յուրաքանչյուր ոք այսպես է մտածում և պատրաստ է հաղթանակների: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին, որ ընտրեն զինվորականի մասնագիտություն: Ինձ ոգևորողը հայրս էր. նա երազում է, որ իր աղջիկը մի օր կդառնա գեներալ»,- անկեղծացել է Արփինե Ավանեսյանը:

Երկրորդ կուրսի ուսանող Ռոբերտ Պողոսյանն էլ նշել է, որ ինքը ցանկություն ունի կրթությունը շարունակել Ռուսաստանի ռազմական ոստիկանությունում: «Այստեղ՝ ռազմական վարժարանում մենք տղամարդ ենք դառնում, ձեռք բերում կամքի ուժ և տոկունություն, որպեսզի միշտ պատրաստ լինենք հայրենիքի պաշտպանության համար նվիրվելու»,-հավաստել է Ռոբերտ Պողոսյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում