Արցախ

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին անմխիթար վիճակում է հայտնվել

2 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին անմխիթար վիճակում է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդյունքում թալանվել ու վնասվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում Armenian Weekly-ին տրամադրված լուսանկարները, որոնք արվել են գաղտնի կերպով:

2017 թվականի հուլիսին արված նկարներում երևում է, թե ինչ անմխիթար վիճակում է հայտնվել եկեղեցին, որ մեծ դժվարությամբ իրականացված վերանորոգման աշխատանքներից հետո 2011 թվականին վերաբացել էր դռները հավատացյալների առաջ:

Հայտնի չէ, թե ովքեր են եկեղեցին հասցրել այդ վիճակին: Այն թաղամասում, որտեղ գտնվում է Սուրբ Կիրակոսը, երկար ժամանակ մարտեր են ընթացել թուրք ուժայինների ու քրդերի միջև:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:

Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց:

2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում