2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի ոստիկանությունը գտել է դեռևս ապրիլից կորած համարվող 5-ամյա Արամազդ Անդրեսյանի մարմինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ երեխայի մարմինը հայտնաբերել են Սանտա Բարբարա լճի մոտակայքից:
Երեխայի հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը, ձերբակալվել էր հունիսի 23-ին Լաս Վեգասում: Նա մեղադրվում էր երեխայի անհետացման մեջ:
Ավագ Անդրեսյանը, ով ամուսնալուծվում է կնոջ հետ և կիսում էր երեխայի խնամակալությունը, ապրիլի 20-ին տեսանյութ էր հրապարակել որդու հետ Դիսնեյլենդում: Հաջորդ օրը նա պետք է երեխային վերադարձներ կնոջը, սակայն այդ օրն առավոտյան նրան հայտնաբերել էին անգիտակից վիճակում Հարավային Փասադենայի իր տան մոտակայքում: Նրա մեքենայի վրա բենզին է լցված եղել:
Երեխային կորած հայտարարելուց վեց օր անց Անդրեսյանը հայտարարություն էր տարածել երեխայի նկարներով՝ կոչ անելով հանրությանն օգնել իրեն գտնելու որդուն: Նա պնդում էր, որ ոչինչ չի հիշում, թե ինչ է պատահել, սակայն կասկածում է, որ այդ օրն իր վրա հարձակում են իրականացրել:
Անդրեսյանը հուլիսի 3-ին կկանգնի դատարանի առաջ: Նրա փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը նշել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ոստիկանության քննիչներն արձանագրել էին, որ հոր՝ Արամազդ Անդրեսյանի մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա բացացրել է մազերի գույնը, սափրել է մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող է խուսափել դեպի ԱՄՆ արտահանձնվելուց: