«Լա Սկալա»-ում ելույթ ունենալու երազանքով. Հրաչուհի Բասենցը կզարդարի «Ամեն» շոու-ծրագիրը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։ Նախագծի շրջանակում Գերմանիայից Հայաստան է ժամանել օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

- Ինչու՞ որոշեցիք ընտրել հենց օպերային երգչուհու մասնագիտությունը: Քանի որ ձեր մայրը պարուհի է, ձեզ մոտ գայթակղություն չի՞ առաջացել գնալ նրա հետքերով:

-Փոքրուց ինձ դուր էր գալիս դասական երաժշտությունը: Հեռուստատեսությամբ սիրով դիտում և ունկնդրում էի Լուսինե Զաքարյանի, Գոհար Գասպարյանի կատարումները, կրկնօրինակում նրանց ու ներքին համոզմունք ունեի, որ կարող եմ հաջողությունների հասնել այդ ասպարեզում: Մորս ասում էի. «Մամա՛, ես կարող եմ երգել»: Չնայած դրան`ընդունվեցի երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, և պարզ դարձավ, որ դա չէ իմ ուղին:

-Մտավախություն չունեի՞ք, որ Հայաստանում օպերային արվեստն այնքան էլ եկամտաբեր չէ:

-Նման մտքեր չէին ծագում, քանի որ այդչափ հասուն և կայացած չէի: Կոնսերվատորիան ինձ համար սրբավայր էր, որտեղ մեր մեծերն են կրթվել և զարգացել: Ինձ համար այդտեղ լինելը երազանք էր:

- Ընդունելության քննությունների հետ կապված հետաքրքիր հիշողություններ ունե՞ք:

-Քննությանը կարմիր զգեստ էի հագել: Ժամանակի ճանաչված և սիրված օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը, որը քննողների թվում էր, ուշադիր զննեց ինձ ու ասաց, որ չեմ ընդունվել: Ես շատ լուրջ էի ընդունել դա և հուսալքվել: Պարզվեց` կատակում էր: Հետո ասաց. «Կարմիր զգեստով աղջիկն ընդունվել է»: Տաթևիկ Սազանդարյանը շատ գեղեցիկ, նույնիսկ շքեղ էր հագնվում և մեծ ուշադրություն էր դարձնում նաև մյուսների հագուստ-կապուստին: Երբ արդեն ուսանող էի, Կոնսերվատորիայի աստիճաններով թռվռալով իջնում էի ցած, նա թևիցս բռնեց, պտտեց ինձ ու ասաց. «Այո՛, գեղեցիկ ես»: Սազանդարյանը և նրա պես շատերը մեծություններ էին, ում հետ առնչվելիս մենք հղկվում էինք ու հարստանում:

-Երբ Եվրոպայում աշխատելու առաջարկ ստացաք, հե՞շտ համաձայնեցիք հեռանալ հայրենիքից:

-Ինձ համար դժվար էր, քանի որ մեր երեխան փոքր էր ու ստիպված էի վեց ամսով թողնել նրան: Այդ ժամանակ օպերային ստուդիայի Կոմիտաս երգչախմբում էի երգում: Հենց այդտեղ հանդես եմ եկել Ջովաննի Բատիստա Պերգոլեզի «Սպասուհին՝ տիրուհի», Ֆրանց Յոզեֆ Հայդնի «Դեղագործը» օպերաներում, երգում էի «Գոհար» համույթում, բայց լայն օպերային դաշտ ինձ համար չկար: Մեծ էր առաջ գնալու ցանկությունս, և ես ստորագրեցի պայմանագիրն ու մեկնեցի Գերմանիա: Ներկայումս Բավարիայի Նյուրնբերգ քաղաքի պետական օպերային թատրոնի սոպրանոներից եմ:

-Ձեր կատարած ո՞ր դերերգն է ձեզ վրա հատկապես մեծ տպավորություն գործել և եղել ձեր տեսակին հարազատ:

- Այն դերերգերը, որոնք ես ստանձնում եմ, մեծ մասամբ և՛ տպավորիչ են, և՛ հարազատ:

Չկան դերեր, որոնք չեն խոցում, չեն հուզում: Միշտ բնավորությանս հարիր բան եմ գտնում: Սոպրանոյի դերերում հաճախ զոհաբերություն կա են. հանուն կյանքի, սիրո նվիրաբերում են ամենաթանկը: Իմ էությունն էլ է այդպիսին:

-Իսկ ի՞նչ զոհաբերության եք պատրաստ հանուն արվեստի:

- Զոհաբերություն եմ համարում այն, որ համերգային ծրագրերի, ելույթներիս հետ կապված ստիպված եմ լինում երկար ժամանակով երեխայիս զրկել ինձանից: Կան բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր այնքան են նվիրվում իրենց գործին, որ այդպես էլ ընտանիք չեն կազմում, և բեմը դառնում է նրանց տունը: Ի տարբերություն նրանց՝ ես ունեմ ընտանիք: Վարում եմ առողջ կենսակերպ, չեմ խմում, չեմ ծխում և ազնիվ եմ իմ կյանքում ու գործում: Երաժշտասերներին եմ փոխանցում բոլոր անկեղծ հույզերս: Եվ ընդգծեմ, որ նրանք զգում ու գնահատում են արտիստի շիտակությունը: Չեմ ուզում փչացնել այն նվերը, որն ինձ շնորհել է բնությունը:

-Ձեր ամուսինը նույնպես օպերային երգիչ է: Հե՞շտ է միասին բեմում լինելը:

-Գործընկերներիս մեջ կան զույգեր, որոնց համար չգիտես, թե ինչու դժվար է համատեղ ելույթներով ներկայանալը: Ես և ամուսինս ներդաշնակ ենք ապրում, թև ու թիկունք ենք միմյանց համար ինչպես ընտանիքում, այնպես էլ` բեմում:

-Դուք հանդես եք եկել և՛ հայրենիքում, և՛ արտերկրում: Ի՞նչ տարբերություններ կան հայաստանցի և արտասահմանցի հանդիսատեսի միջև:

-Դրսի հանդիսատեսը սովոր է բեմում ինտերնացիոնալ դեմքեր տեսնել, և եթե ասելիք ունես, նա գնահատում է՝ անկախ ազգությունից: Երբ դու Հայաստանից դուրս ես եկել, հաստատվել այլ վայրում ու կրկին վերադառնում ես հայրենիք, պետք է անընդհատ հանդիսատեսին ապացուցել, որ լավն ես ու արժանի ես լինել այլ բեմերում ևս: Նախանձախնդրության պահ կա. եթե լավն ես, գնացել ես, ուրեմն ապացուցի՛ր, որ արժանի ես լինել քո տեղում: Ես հաղթահարել եմ այդ խոչընդոտը և անհամբերությամբ եմ սպասում Հայաստանում ելույթներիս:

-Որո՞նք են այն բեմերը, որ երազում եք նվաճել:

-Անցյալ տարին շրջադարձային էր ինձ համար: «Royal opera house»-ում դեբյուտ ունեցա: Մինչ այդ նման թատրոններում հանդես չէի եկել: Ինձ համար դեռևս երազանք է «Մետրոպոլիտեն-օպերա»-ում, «Լա Սկալա»-ում ելույթ ունենալը:

-Որքանո՞վ եք կարևորում «Ամեն» նախագիծը, որտեղ ելույթ եք ունենալու: Ըստ ձեզ` ի՞նչ դեր և նշանակություն ունի այն:

-Դեռևս չունենք նմանօրինակ մի բան: Հայաստան երկրի, հայկական մշակույթի, երաժշտական աշխարհի համար «Ամեն»-ը կարևոր ձեռքբերում է, քանի որ մի գաղափարի շուրջ է համախմբել բազմաթիվ ստեղծագործողների, արվեստի նվիրյալների, ովքեր, չնայած իրենց առաջ ծառացած խնդիրներին, հաստատակամ են ըստ արժանվույն ներկայացնելու հայ մշակույթը: Եթե այն հաջողությամբ պսակվի, արտերկրում էլ կներկայացնենք «Ամեն»-ը:

Համերգին բեմը կիսելու եմ մաեստրո Բարսեղ Թումանյանի հետ, որի հետ երազել եմ բեմ բարձրանալ: Մեծ ոգևորությամբ եմ սպասում այդ ելույթին:

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը