ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի տարածած տեսանյութին, իսկ Դովեղում որպես դիվերսանտ ներկայացվողին չեն ճանաչում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը քաջածանոթ է հասարակ մարդկանց, քաղաքացիական անձանց որպես դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական կողմի մեթոդներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որում իբր պատկերված է ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ դիվերսանտը:

«Այս անձը քաղաքացիական անձ է, մեր բանակում նման զինծառայող չկա. տեսքն անգամ պարզ դա է ասում: Մենք ծանոթ ենք հասարակ մարդկանց դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական մեթոդներին»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութում ի պատասխան հայերեն տրված հարցերի՝ Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նշում է, որ ծնվել և բնակվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղում: Նա ասում է, որ ծնվել է 1974թ. նոյեմբերի 16-ին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, այլ ոչ թե Նոյեմբերյանի (Տավուշի մարզ) Դովեղ գյուղը, ինչպես ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում:

Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ չի ճանաչում Զավեն Հովհաննեսի Կարապետյանին, նրանց համայնքում նման անձ չի բնակվում, նա որևէ տեղեկություն չունի:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքել են հենց ադրբեջանցի օգտատերերը: Հակառակ պաշտոնական հաղորդագրության, որում ասվում էր, թե իբր կանխվել է հայկական կողմի դիվերսիա և մեկ դիվերսանտ գերեվարվել է, ադրբեջանցի օգտատերերից Խասիմ Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանը հատել է 50-ամյա ՀՀ քաղաքացի: Նա նշել է, թե քաղաքացիական անձը սահմանը հատել է ադրբեջանական Քերիմլի գյուղի շրջանում: Նրան հայտնաբերել են տեղի բնակիչները, ովքեր այնուհետև կատարվածի մասին տեղյակ են պահել զինվորականներին, ովքեր էլ եկել և տարել են սահմանը հատած անձին ու նրան ներկայացրել են որպես դիվերսանտ:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի մյուս օգտատերերը, արձագանքելով Մասիմովի գրառմանը, ծաղրել են՝ ասելով, որ սահմանախախտին կտանեն Բաքու, ապա կսկսեն հովվին ներկայացնել իբրև հայտնի հայ քաղաքագետ կամ լրագրող՝ ակնարկելով իրենց իշխանությունների հերթական կեղծիքի արդյունքում ստեղծված այսպես կոչված խաղաղության պլատֆորմը: Մյուսներն արձանագրել են, որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում գյուղերի միջև հեռավորությունը 5-6 կմ է և հեշտ է մոլորվելը: Օգտատերերից մեկն էլ կոչ է արել տեղեկությունը հրապարակող անձին հետևել Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին ու դրան հակառակ տեղեկատվություն չհրապարակել:

Գրառումը կատարելուց կարճ ժամանակ անց Խասիմ Մասիմովը, տեղի տալով ճնշումներին, հեռացրել էր այն սոցիալական ցանցի իր էջից:

Հայերեն English Русский

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ