Զինված ուժերում խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի: Նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մայիսի 23-ին հրավիրված ասուլիսում: Նրա խոսքով՝ ադրբեջանական մամուլում լայն արձագանք գտած հայկական կողմին տեղեկատվության փոխանցելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողների ձերբակալությունը խոսում է Ադրբեջանի զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին:

«Լուրեր ստացանք, որ զինծառայողները սպանվում են անհայտ պարագաներում իրավապահների կողմից եւ փակ դագաղներում հանձնվում են հողին նույնիսկ առանց բացատրության, թե ինչու են նրանք սպանվում: Հետեւելով ադրբեջանական մամուլին՝ տեսնում ենք, որ երկու թեզ է շրջանառվում, թե իրականում ինչու պետք է այս զինծառայողներին ձերբակալեին: Ընդ որում, դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Առաջինն այն է, որ միգուցե Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջեւ մրցակցություն է գնում, որ այսպես փորձում են միմյանց կադրերը լիկվիդացնել: Խոսք էր գնում նաեւ հնարավոր զինված ապստամբության մասին, եւ միգուցե, հենց դա էր բացահայտվել եւ կանխվել այսպես: Երկրորդ տարբերակը հունվար-փետրվարին ներթափանցման փորձերը տապալելու մասին է: Կար հրաման նորից ապրիլյան դեպքերի նման մի բան ստեղծել, միգուցե հրամանին չենթարկվելու կամ տապալելու համար հաշվեհարդար են տեսնում: Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, տասնյակ սպաներ են ձերբակալվել, ինչը խոսում է տիրող ներքին իրավիճակի, նրանց պատրաստվածության մասին, որն իր հերթին առիթ է տալիս մտածելու, որ նման Զինված ուժերով, նման խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի»,-նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս արված հայտարարությունը, որում նշվում էր, թե Ադրբեջանն է մայիսի 15-ին նախահարձակ եղել, առաջին հասցեական հայտարարությունը չէ, եւ պետք չէ դրան վերաբերվել որպես սենսացիոն ձեռքբերման: «Մինսկի խմբի համանախագահները կարծես թե շեշտադրեցին, որ Ադրբեջանն է եղել, սակայն կոչերը կրկին ուղղված էին երկու կողմերին էլ՝ լինել ավելի կշռադատված, թույլ չտալ լարվածության աճ: Սա առաջին անգամը չէ, ինչպես բազմիցս նշվեց մամուլում: Հիշենք 2015 թվականի Կրակովի հանդիպումը, որից հետո Ադրբեջանին կոչ արվեց հետեւողական լինել ստանձնած պարտավորություններին: Կարծում եմ՝ շահեկան կլինի կողք կողքի դնել այս բոլոր հայտարարությունները եւ դրանք ընդունել որպես օրինաչափություն: Նման շեշտադրումներ էլի հնչել են, եւ սա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը որոշ չափով վերանայում է դիրքորոշումը: Պետք է պարզապես խրախուսել, որպեսզի դա հետեւողական զարգացում ունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ թեպետ նման կոչերով որեւէ խնդիր չի լուծվում, բայց պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն օգտագործեն ողջ ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ՝ այդ երկրին զերծ պահելու իր ռազմատենչ քաղաքականությունից եւ իրականում խաղաղ ճանապարհով լուծման ճանապարհներ գտնելու համար:

Մելիք-Շահնազարյանը ղարաբաղյան հակամարտության համար քաղաքական լուծումներ դեռեւս չի տեսնում, սակայն տեսնում է քաղաքական ճանապարհով Ադրբեջանին զսպելու մեխանիզմներ: «Տեսնում եմ նաեւ հնարավորություններ, որ այլ պետությունների կողմից Արցախի անկախությունը ճանաչվի»,- ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ նախկինի պես տեսնում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ վերսկսելու շատ լուրջ պատճառներ ունի, այն է՝ վերականգնել ապրիլյան կորուստները, որոնք նաեւ քաղաքական էին: «Շարունակելով համոզված լինել, որ ռիսկը բավականին մեծ է՝ նաեւ տեսնում եմ, որ Ադրբեջանը հնարավորություն չունի այժմ ինչ-որ բան անելու: Նաեւ փետրվարյան դիվերսիաների ժամանակ Ադրբեջանը կորցրել է իր հարվածային հիմնական ուժերը՝ հատուկ ջոկատային ուժերի սպայակազմի հնարավորությունները, եւ այսօր պատերազմ չի սկսում բացառապես այն պատճառով, որ Ադրբեջանի ցանկությունները չեն համապատասխանում իր հնարավորություններին: Սա է պատճառը, որ ունենք խաղաղ իրավիճակ, եւ պետք է այս պահը օգտագործել քաղաքական զսպման մեխանիզմները գործի դնելու համար»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում