Արցախ

Արցախի ժուռնալիստների միության նախագահը մամուլի ազատությունն ուղիղ համեմատական է համարում հասարակության ազատությանը

2 րոպեի ընթերցում

Արցախի ժուռնալիստների միության նախագահը մամուլի ազատությունն ուղիղ համեմատական է համարում հասարակության ազատությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը կարծում է, որ խոսքի ազատությունը չափվում է տվյալ հասարակության ազատության աստիճանով, և Արցախում մամուլի ազատությունն ուղիղ համեմատական է հասարակության ազատությանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Մամուլի ազատության միջազգային օրվան՝ Կիմ Գաբրիելյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել բոլոր գործընկերներին:

«Մամուլի ազատությունը հասարակության, մարդկության, պետության ազատությունն է և մենք օրենսդրորեն ապահովված ենք այդ բոլոր հիմքերով: Սակայն գտնվելով Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության մեջ՝ հնարավոր չէ ամբողջական ազատություն ունենալ: Մյուս կողմից, լրատվամիջոցների մրցակցության պակասն է՝ ինչպես հեռուստատեսության, այնպես էլ ռադիոյի և թերթերի մասով: Բացառություն են էլեկտրոնային լրատվամիջոցները, ի դեմս, «Արցախպրես»-ի, որոնք այսօր շոշափելի աշխատանք են իրականացնում»,- ասել է Կ. Գաբրիելյանը:

Արցախի ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ և´ բլոգերային, և´ էլեկտրոնային աշխատանքները հույս են ներշնչում մամուլի ազատության և օպերատիվության առումով, սակայն, նրա համոզմամբ, լրագրողն ինքն է իր ազատության սահմանները գծում:

Անդրադառնալով լրատվամիջոցների վրա հնարավոր ճնշումների մասին հարցին՝ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ վերջին երկու տասնամյակում չի հիշում որևէ նման դեպք: «Ունեցել ենք լրատվամիջոցներ, որոնք բացահայտ ընդդիմադիր են եղել, սակայն դա չի խանգարել բնականոն աշխատանքին: Եղել են նաև լրատվամիջոցներ, որոնք այս կամ այն քաղաքական հոսանքների ազդեցությամբ ժամանակի ընթացքում դադարեցրել են իրենց աշխատանքը: Լրատվամիջոցը, եթե ինքնաբավ չէ, որը շատ կարևոր է, կախված է լինում կամ պետական միջոցներից կամ այս կամ այն քաղաքական ուժի, կամ հովանավորի նվիրատվությունից, և այստեղ շատ կարևոր է լրագրողի ունեցած ներքին ազատության սահմանը»,- ասել է Արցախի ժուռնալիստների միության նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում