Արցախ

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի պատրաստվում հրաժարվել Պոլսո պատրիարքական տեղապահի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի պատրաստվում հրաժարվել Պոլսո պատրիարքական տեղապահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հերքել է հայկական մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե պատրաստվում է հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությանը` Բեքչյանը պարզաբանել է. «Խոսքի մեջ ասացի` եթե պետք լինի, կարող եմ հրաժարվել, սակայն նման բան չկա»:

Սրբազան Հայրն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի` ապրիլի 24-ին արած ուղերձին ու դրանում պատրիարքական ընտրության մասին ակնարկին` նշելով. «Լավ է, որ նման պատգամ է հրապարակել: Անցյալ տարի էլ էր հրապարակել, այս տարի էլ: Ինչ վերաբերում է պատրիարքական ընտրության հարցին նրա անդրադարձին` դա լավ է, տեսնենք արդյունքում ինչ է լինելու»:

Տեղապահը հայտնել է, որ առաջիկա օրերին կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կմեկնի Մոսկվա` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովներին: Հավանական է, որ Էջմիածնում Բեքչյանը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկի պատրիարքական աթոռի շուրջ ստեղծված հարցը:

Բեքչյանը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է որպես Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, սակայն Մոսկվայում կայանալիք նիստին մասնակցելու է որպես Պոլսո պատրիարքական աթոռի ընտրյալ տեղապահ: «Ժամանակ»-ի տեղեկություններով` պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը առաջիկայում չունի ծրագրած այցեր Մայր Աթոռ կամ Մոսկվա` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ուստի ԳՀԽ ժողովին Պոլսո պատրիարքարանի միակ ներկայացուցիչը լինելու է Բեքչյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում