Ցեղասպանության 102-րդ տարելիցին իմ զորակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին. Նադյա Մուրադի բացառիկ մեկնաբանությունն «Արմենպրես»-ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, 2016 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը բացառիկ մեկնաբանություն է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը` իր կոչն ուղղելով ողջ աշխարհին և հորդորելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Ներկայացնում ենք Նադյայի հայտարարությունն ամբողջությամբ:

«Եզդի համայնքի անունից ցանկանում եմ իմ կարեկցանքն ու ըմբռնումը հայտնել մեր հայ քույրերին և եղբայրներին, ովքեր այսօր ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Շուրջ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության թուրքական իշխանությունները նախապատրաստեցին ցեղասպանություն ընդդեմ հայերի, ասորիների, հույների և եզդիների: Միլիոնները սպանվեցին կամ ոչնչացվեցին մահվան երթերում` առանց սննդի կամ ջրի, ճիշտ ինչպես 2014 թվականին Սինջար սարի վրա «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքով սպանվեց մեր եզդի ժողովուրդը: Հայ կանայք և երեխաներն առևանգվեցին, բռնի կրոնափոխ արվեցին, բռնաբարվեցին, վաճառքի հանվեցին և ստիպողաբար ամուսնության տրվեցին իրենց դահիճներին` տանջանքներ, որին այսօր ենթարկվում են հազարավոր եզդի կանայք և երեխաներ:

Եզդիներն ու հայերը դարեր ի վեր հարևաններ են եղել: Հայոց ցեղասպանությունը, որը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, շատերին տեղահան արեց: Մեկ դար առաջ Թուրքիայում եզդիները ավելի քան կես միլիոն էին, մինչդեռ այսօր մնացել են միայն մի քանի հարյուրը: Ի հակադրություն դրա` Հայաստանը դարձել է տասնյակ հազարավոր եզդիների տունը և երաշխավորում է նրանց կրոնական ու մշակութային ազատությունը, նրանք երկրում լիարժեքորեն մասնակցում են քաղաքական ու հասարակական կյանքին:

Թուրքիան մինչ օրս հերքում է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը` ժխտում, որն արմատավորվել է Թուրքիայի հիմքերում և հայերի համար միջսերնդային տրավմայի պատճառ է դարձել: Որպես եզդիներ` մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը ճանաչել օսմանյան թուրքերի կողմից հայերի և մյուս փոքրամասնությունների դեմ իրականացված սարսափելի հանցանքները: Եվ թող նաև սա լինի հիշեցում աշխարհին` ճանաչման և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու կարևորության մասին:

Հուսով եմ, որ եզդիները 100 տարի անց չեն լինի ԻՊ կողմից իրականացված հանցանքի համար ճանաչում պահանջելիս, այլ պատմության դասագրքերը կպատմեն հանցանքն իրականացնողների դատապարտման մասին, իսկ եզդիական համայնքը կլինի գոյատևող և բարգավաճող, ինչպիսին են հայերն այսօր»:

Մուրադը ծնվել է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Սինջար նահանգի Քոչո գյուղում: 2014 թվականի օգոստոսին 21- ամյա Մուրադը ուսանող էր, երբ ԻԼԻՊ-ի գրոհայինները կոտորեցին գյուղի եզդի ազգաբնակչությանը՝ սպանելով մոտ 600 մարդու, ներառյալ նաև Մուրադի 6 հարազատ եղբայրներին և զարմիկներին: Մուրադը այն 6700 եզդի կանանցից մեկն էր, ով գերեվարվեց ահաբեկիչների կողմից: Նա Իրաքի Մոսուլ քաղաքում պահվեց որպես ստրկուհի: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են ծխախոտից ստացված այրվածքների հետքեր: Առաջին անգամ, երբ փորձեց փախչել, բռնվեց և դաժանաբար բռնաբարվեց: 2014 թվականի նոյեմբերին Նադիան կարողացավ փախչել, երբ իր տիրացուն մոռացել էր կողպել տան դուռը:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը