Արցախ

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է. Մուրադ Փափազյան

4 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է. Մուրադ Փափազյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտ է: Եվ դա սպասելի էր, որովհետև հայ համայնքը հետևողական աշխատանք է տարել քաղաքական դաշտի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն` անդրադառնալով նախագահի թեկնածուների հայամետ հայտարարություններին:

«Հայ համայնքը լուրջ աշխատանք է տարել: Դեռևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման ժամանակ. թե Ազգային ժողովում, թե Սենատում քաղաքական ուժերը քվեարկեցին այն տեքստի օգտին, որը մենք պաշտպանում էինք»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին որևէ թեկնածուին սատարելուն, ապա Մուրադ Փափազյանը նշեց, որ նման դեպքում գործիչը պետք է բացառիկ ներդրում ունեցած լինի Հայ դատի հարցերում:

«Այսօր նույնիսկ եթե նախագահի թեկնածուների հայտարարությունները դրական են, միևնույն է չկա անձնավորություն, ով կարող է նմանվել Ֆրանսուա Օլանդին: Նա արդեն իր մեծ ներդրումն ուներ, նրա հետ հաստատված էին բարեկամական հարաբերություններ: Մենք պահանջեցինք քննարկում անցկացնել նախագահի թեկնածուների հետ, որպեսզի ունենանք այն վստահությունը, որ միայն հայտարարություն չի արվում: Որևէ թեկնածուին զորակցելու համար պետք է անձնական վստահություն ունենանք թեկնածուի նկատմամբ»,-ասաց նա:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն ապրիլի 23-ին է: Առաջին փուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրություն կկատարեն ըստ ցանկության:

Ապրիլի 24-ին Փարիզում անցկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որին ներկա կլինի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հրավիրված են նախագահի թեկնածուները:

«Տեսնենք, թե ով կանցնի երկրորդ փուլ: Ապրիլի 24-ի միջոցառմանը, եթե կլինեն թեկնածուներ, ովքեր խոսք կասեն, հայկական հարցերի հետ կապված անձամբ խոստումներ կտան հայ համայնքի, քաղաքական, հասարակական գործիչների առջև, հնարավոր է երկրորդ փուլում կոչ անենք քվեարկել որևէ թեկնածուի օգտին»,-հավելեց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահի մի քանի թեկնածուներ խոսել են հայկական հարցերի մասին: Նախագահի թեկնածու Բենուա Ամոնը խոստացել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, շարունակելու է այդ հարցի հետ կապված մինչ այժմ եղած քաղաքականությունը:

Նախագահի թեկնածու Մարին Լը Պենը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին:

Առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնն էլ նշել է, որ պետք չէ մոռանալ` Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է այն Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում