Առաջին տիկնոջ խորհուրդը սկսնակ լրագրողին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի խորհուրդն է սկսնակ լրագրողին, ով պրակտիկան սկսելիս անգամ չէր պատկերացնում, որ առաջին զրույցը կունենա Առաջին տիկնոջ հետ ու կստանա խորհուրդ, որն իրեն կուղեկցի աշխատանքային ողջ գործունեության ընթացքում: «Արմենպրես»-ում իր պրակտիկան սկսած Մարիամ Ավանեսյանի և Առաջին տիկնոջ հանդիպումը Նկարիչների միությունում էր, որտեղ փետրվարի 20-ին բացվել էր հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ Ստաս Նամինի (Անաստաս Ալեքսեյի Միկոյանի) աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրվել էին Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 79 աշխատանքներ:

««Արմենպրես» լրատվական գործակալությունում իմ ուսումնական պրակտիկայի առաջին օրը խմբագրի կողմից հանձնարարվեց մշակութային լրագրողի հետ ներկա գտնվել ցուցահանդեսին և փորձել լուր պատրաստել: Նամինի ցուցահանդեսը լուսաբանելը պատասխանատու և պարտավորեցնող էր: Որոշեցի հարցազրույցս միայնակ անել՝ առանց ավագ գործընկերոջս: Ցուցասրահում շրջելիս նկատեցի ինչ համակ ուշադրությամբ էր նայում նկարներին ՀՀ առաջին տիկինը: Ապագա լրագրողս վստահ, բայց մի քիչ էլ հուզված մոտեցավ տիկին Ռիտա Սարգսյանին. «Ես առաջին կուրսի ուսանող եմ, սա իմ առաջին նյութն է, կուզենայի, որ իմ առաջին հարցազրույցը լիներ ձեզ հետ»:

ՀՀ առաջին տիկինը ցուցահանդեսը դիտելուց հետո սիրով պատասխանեց իմ հարցերին, որն ավելի շատ նմանվեց մտերմիկ զրույցի:

-Տիկի՛ն Սարգսյան, Ձեզ ավելի շատ ո՞ր նկարն է դուր եկել, ավելի տպավորել:

-Ինձ ամենաշատը տպավորել է այն նկարը, որտեղ ներկայացված է ոչ միայն Արարատ լեռը, այլ մի ամբողջ ժամանակագրություն. այնտեղ նաև 1915 թվականի պատմությունն է:

-Ի՞նչ գույներ են նկարներում գերակշռում ձեզ համար:

-Ավելի վառ: Ինձ շատ է դուր գալիս նրա սերը մայրիկի հանդեպ: Նամինը բազմակողմանի զարգացած արտիստ է: Լավ հայ, ով չմերժեց ՀՀ նկարիչների միության առաջարկը հայրենիքում ցուցահանդես բացելու: Մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել ենք երեք հանդիպում, հուսով ենք, որ կկրի շարունակական բնույթ:

Եվ վերջում, որպես խորհուրդ, Առաջին տիկինն ինձ ասաց.

-Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից և որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես մեծ սիրով պատասխանեց իմ՝ սկսնակ լրագրողիս հարցերին.

-Ի՞նչ գույներ եք տեսնում հեղինակի նկարներում՝ հայրենասիրական,թե կարոտի:

-Ազատության գույներ, ազատ մտածողության, հենց այն գույներն ու շնչառությունը, որ Նամինը դեռևս խորհրդային տարիներից կարողացել է փոխանցել մեզ: Իհարկե, այն ժամանակ մենք հնարավորություն ունեինք վայելելու նրա երաժշտարվեստը, բայց այսօր այդ նույն գույները մենք տեսնում ենք նրա նկարների միջոցով, ինչը շատ ուրախալի է: Եվ, ընդհանրապես շատ ուրախալի է, որ մենք կարողացանք մեր հայրենակցի արվեստի լայնածավալ մտածողության շաբաթն անցկացնել Հայաստանում: Դեկտեմբերին դիտեցինք նրա ֆիլմերը, նա կարողացավ վարպետության դասեր անցկացնել մեր արվեստի բուհերում,և ահա այսօր՝ ձմեռային ցուրտ օրը լցրեց ջերմությամբ այս զարմանահրաշ ցուցադրությունը:

-Իսկ որպես Մշակույթի նախարար ունե՞ք սիրելի արտասահմանյան նկարիչ, որ կցանկանայիք Հայաստանում ունենա իր ցուցահանդեսը:

-Իմ կարծիքով՝ հայաստանյան նկարիչները բավարար ներկայացված չեն հայ հանդիսատեսին: Իհարկե, արտերկրում կան շատ գեղանկարիչներ, որ կցանկանայի Հայաստանում ունենային իրենց ցուցահանդեսները, բայց մենք պետք է նախ մեր արվեստի ներկայացուցիչներին գնահատենք, որոնք, թույլ տվեք անհամեստություն անել և նկատել, ոչնչով չեն զիջում արտերկրի գեղանկարիչներին: Նախ պետք է մեր արվեստին հաղորդակից լինենք և կարողանանք մեր արվեստը աշխարհին ներկայացնել:

Հ.Գ. Սա «Արմենպրես»-ում իմ փորձաշրջանի առաջին նյութն էր՝ մի քիչ հուզված, շփոթված իմ առաջին քայլերը, և ինչպես ավագ գործընկերներս են ասում՝ «Արմենպրես»-ն իսկական դարբնոց է, և գուցե այդ դարբնոցում հետագայում ես էլ կարողանամ կայանալ՝ որպես իսկական լրագրող:

ԵՊԼՀ, ԹՄՀՖ Լրագրության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ավանեսյան»:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն