Արցախ

Հալեպում այս պահի դրությամբ բնակվում է մոտ 20 հազար հայ

3 րոպեի ընթերցում

Հալեպում այս պահի դրությամբ բնակվում է մոտ 20 հազար հայ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի տվյալների համաձայն` Հալեպում այս պահի դրությամբ բնակվում է մոտ 20 հազար հայ: Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:

Նրա խոսքով` Դամասկոսում բնակվում է 3000, Լաթաքիա, Քեսաբ ծովափնյա շրջաններում` 3000-3500, Կամիշլիում` 3000, մնացած բնակավայրերում` 3000-4000 սիրիահայ: «Այս թվերը կայուն չեն եւ կարող են փոփոխության ենթարկվել մի շարք գործոններից ելնելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ Սիրիայի բնակչությունը մինչ պատերազմը կազմում էր 24.5 միլիոն, այժմ` 17-ից 18 միլիոն: «7 միլիոնը համարվում է ներքին տեղահանված, 13.5 միլիոնը ունի մարդասիրական օգնության կարիք, որից 4.5 միլիոնը բնակվում է դժվար հասնելի վայրերում կամ շրջափակման մեջ»,-հավելեց նա:

Սիրիայի այն տարածքներում, որտեղ պահպանվում է հրադադարի ռեժիմը, դրական տեղաշարժ է նկատվում կենցաղային պայմանների բարելավման առումով: Ահաբեկիչների ձեռքում էին գտնվում Դամասկոսը մատակարարող ջրամբարները եւ դրանց գրավումը կառավարական ուժերի կողմից որոշակի առումով թեթեւացրեց ջրամատակարարումն այնտեղ: «Սիրիայի բնակչության մեծագույն հատվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` բնակչության 50 տոկոսը համարվում է բռնի տեղահանված, երկու երրորդը` խիստ կարիքավոր: Կիսաքանդ վիճակում է գտնվում 1000, լիովին ոչնչացված 100, մասնակի ավերածության ենթարկված 800 տուն –շինություն, 3000 խանութ, վաճառատուն կա Սիրիայում, որոնք կողոպտված են, այրված, կամ կիսաքանդ վիճակում»,-ասաց ԱԳՆ նախարարի տեղակալը` հավելելով, որ շարունակվում է սիրիահայության արտագաղթը դեպի Կանադա, Ավստրալիա, Հայաստան:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Սփյուռքի նախարարության հետ միասին շարունակում են աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկություն են հայտնում գալ Հայաստան: Հալեպում շարունակում է գործել միակ հյուպատոսությունը, որը շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն տրամադրել Հալեպում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում