Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Յուլի Էդելշտեյն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտները: Կնեսետի խոսնակը կարեւորել է նաեւ հայ եւ հրեա համայնքների ունեցած դերակատարությունը պետությունների զարգացման գործում:

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր:

«Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն առկա է որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը:

Յուլի Էդելշտեյնը նաեւ հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծուներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հանդիպումների հաճախակի կազմակերպմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար, եւս ընդգծել է միջխորհրդարանական շփումների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, հասարակության միջեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ քաղաքական երկարատեւ փոխգործակցության առումով: Արտակ Զաքարյանը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կնեսետի նախագահ Յուլի Էդլշտեյնի կողմից վերջերս ստորագրված միջխորհրդարանական փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ վերջերս Երեւանում ձեւավորված «Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումը»` որպես միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության զարգացման ու ընդլայնման համար իրավական եւ հասարակական լայն բազա: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ հունվարի 19-ին Թել Ավիվում կայանալիք երկրորդ ֆորումի արդյունքները կարող են շոշափելի լինել եւ քայլ առ քայլ նպաստել հասարակական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը մի շարք ոլորտներում:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ տարծաշրջանում տիրող իրավիճակը եւ դրանց հանգուցալուծման վերաբերյալ հայկական դիրքորոշումները:

Հանդիպման ավարտին պարոն Էդելշտեյնը հաջողություն է մաղթել Հայաստանի խորհրդարանին առաջիկա ընտրությունների կազմակերպման հարցում եւ հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանում եւս ակտիվ կլինեն հայ-իսրայելական կապերը:

Նույն օրը Կնեսետի լիագումար նիստում Կնեսետի խոսնակը հատուկ ուղերձով ողջունել է հայկական խորհրդարանական պատվիրակությանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կնեսետի անդամներ,

Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբին: Բարի գալուստ հարգարժան հյուրեր Երուսաղեմ, Իսրայելի մայրաքաղաք, եւ ժողովրդավարության մեր նստավայր Կնեսետ:

Հայ եւ հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ընդհանրություններ իրենց ողջ պատմության ընթացքում: 20-րդ դարում մեր ժողովուրդներն անցել են սարսափելի ողբերգությունների միջով՝ կանգնելով վերացման սպառնալիքի առջեւ: Մենք հայ ժողովրդին համարում ենք բարեկամեր, եւ հույս ունենք զարգացնել մեր կապերն ու համագործակցությունը նաեւ մշակույթի, տուրիզմի, տնտեսության, եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտներում:

Վերջին ժամանակներում սա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկրորդ այցն է Իսրայել: Մենք հույս ունենք. որ հաճախակի կդառնան խորհրդարանականների փոխայցերը` նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու միմյանց:

Հայաստանը, Իսրայելի նման, ունի մեծ սփյուռք` հատկապես Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Հրեա ժողովրդի նման, հայերը եւս ամուր կապված են իրենց հայրենիքին: Հայկական սփյուռքը թվով շատ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունն ինքնին, որը բնորոշ է նաեւ հրեա ժողովրդին: Մենք հույս ունենք համագործակցել ձեզ հետ՝ փոխանակելով մեր իմացությունները եւ փորձը սփյուռքի հետ կապերի պահպանման հարցում:

Կնեսետի, նրա անդամների եւ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ եւ ցանկանում հաճելի օրեր Իսրայելում եւ Երուսաղեմում: Իմ օրհնությունը ձեզ եւ ձեր մեծ ժողովրդին»:

Հայերեն English Русский

Աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ. վարչապետը ձկնաբուծության ոլորտի մասին

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով

Գյումրիում շների կացարանի նախագիծն արդեն պատրաստ է

Hudson Institute–ը վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտարապետության ձևավորման առանցքային դեմքերից մեկը

ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

ԱՄՆ-ն դեռ կարող է իր երկու դաշնակիցների միջև հակասությունները պահել կառավարելիության շրջանակում. Սաֆրաստյանը՝ Թուրքիա–Իսրայել հարաբերությունների մասին

Հայկական պատվիրակությունը տպավորված է «Ապագայի խաղեր»-ի կազմակերպվածության բարձր մակարդակով

Հայաստանը Մոլդովային է հանձնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր