Դինքի պատմական առաքելությունն անհնար է կասեցնել. Բասքըն Օրան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Դինքը ջանում էր մերձեցնել հայկական և թուրքական հասարակություններին: Նա միակ մարդն էր, որ նման միջավայրում կարող էր դա անել: Դրա համար էլ սպանվեց: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին այս մասին գրում է թուրք մտավորական Բասքըն Օրանը՝ «Արմենպրես»-ին տրամադրված «Ո՞վ էր Հրանտը, ո՞րն էր նրա առաքելությունը» հոդվածում:

«1994 կամ 1995 թվականն էր, հեռախոսազանգ եկավ: «Ես ստամբուլցի գործարար Ֆըրաթ Դինքն եմ (Հրանտ Դինքն այն ժամանակ թուրքական այդպիսի կեղծանուն էր օգտագործում-հեղ.): Թերթում հրապարակված Ձեր հոդվածում մեր՝ հայերի լեզուն եք պաշտպանել, զանգահարել եմ, որ շատ շնորհակալություն հայտնեմ»,- ասաց և նրա ձայնը սկսեց դողալ:

Արդեն աչքերս լցվել էին, ես էլ չդիմացա…

Արդեն այստեղից էլ սկիզբ է առնում վերնագրում տրված երկու հարցից առնվազն առաջինի պատասխանը. Հրանտը զգացմունքային մարդ էր, հայերի իրավունքներն էր պաշտպանում:

Առաջին անգամ Ստամբուլում գտնվելուս ժամանակ նրա տանը ընթրում էինք, երբ բացահայտեցի նրա ինքնության շատ կարևոր մեկ այլ տարր: Ինչպես բոլոր անատոլիական տներ, այպես էլ նրանց տուն ներս էիր մտնում հողաթափ հագնելով: Հրանտը անատոլիացի հայ էր»,- գրում է Օրանը:

Նա նշում է, Ստամբուլի հայերը, քիչ բացառություններով, ամբողջությամբ ինտեգրված էին օսմանյան կայսրությունում և արվեստի ու արհեստի ոլորտում երկրի հիմնական սյուներն էին: «Նրանք գրեթե անվնաս դուրս եկան 1915-ի ողբերգությունից: Սակայն Անատոլիայում գտնվող հայերը ոչնչացվեցին, իսկ նրանք, ովքեր կարողացան ողջ մնալ, ժամանակի ընթացքում տեղափոխվեցին Ստամբուլ: Մալաթիացի Հրանտն էլ նրանցից մեկն էր և նրանց ներկայացուցիչն էր, հետևաբար լավ գիտեր, թե ինչերի միջով են անցել»,- նշում է թուրք մտավորականը:

Օրանը գրում է, որ Հրանտի դուրը չէին գալիս շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ցեղասպանության մասին ընդունվող որոշումները:

«Կանադայից Ավստրալիա՝ Սփյուռքից միշտ հետևյալն եմ լսել. «Մինչև նրա հետ ծանոթանալն այլ կերպ էի մտածում: Սակայն ինձ փոխեցին նրա հետևյալ խոսքերը. «Ձեզ համար որն է կարևոր. Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը, թե ժողովրդավարացումը»: Հրանտը ամբողջ աշխարհով պտտվում և խոսում էր Սփյուռքի հետ: Դա շատ բարդ գործ էր, քանի որ «ցեղասպանություն» եզրույթը արգելք էր թե՛ թուրքերի, թե՛ հայերի համար. թուրքերը լսելիս, իսկ հայերը՝ չլսելու ժամանակ ավտոմատ կերպով փակում էին ականջները:

Հրանտը չէր հավանում հայկական բանաձևերը, սակայն որպես սարսափելի ցավեր ապրած անատոլիացի հայերի ներկայացուցիչ դատապարտում էր Թուրքիայի կողմից 1915-ի ժխտումը: Դրա վերաբերյալ հետևյալն է ասել. «Փարիզի Կոնկորդ հրապարակ կգնամ, կկանգնեմ մի քարի վրա և կբղավեմ՝ Ցեղասպանություն տեղի չի ունեցել: Դրանից հետո կգնամ Անկարայի Քըզըլայ հրապարակ, մի քարի վրա կկանգնեմ և կբղավեմ՝ Ցեղասպանություն է եղել»,- գրում է Օրանը:

Թուրք մտավորականն առանձնանցնում է Դինքի իրականցրած պատմական առաքելության երեք կարևոր կետ: Առաջինը՝ թուրքերի վրա նրա ունեցած ազդեցությունն էր: «Թուրքերը շոկ ապրելով ի վերջո իմացան 1915-ի մասին: Անգամ եթե շատերը նյարդայնացան: Ինձ նրա առաջին հեռախոսազանգը հենց դրա մի մասն էր: «Ակոս»-ի հիմնադրումը հիմնական քայլն էր, թուրքական մտավորականության հետ կապ հաստատվեց, որն էլ ծառայեց որպես Թուրքիա ինտեգրվելու միջոց: Պարբերականը դա հաջողեց թուրքերեն հրատարակության շնորհիվ: Սակայն չպետք է մոռացվի, որ սկզբում թերթը 3, ապա 4 էջ էլ հայերեն էր հրատարակվում և խորհրդանշում էր ասիմիլիացիայի մերժումը»,- նշում է մտավորականը:

Որպես երկրորդ առաքելություն՝ Օրանն ընդգծում է Թուրքիայի հայերի վրա Հրանտի ունեցած ազդեցությունը՝ նշելով, որ նա կարողացավ հայերին դուրս հանել բարոյական գետտոյից և վստահություն ներշնչեց նրանց: «Նրա շնորհիվ Ստամբուլում հայերի մեծ վերածնունդ սկսվեց: Այնքան, որ ի վերջո հունական և ասորական համայնքներն էլ դրանից ազդվեցին և կրկին սկսեցին երևալ: Դրա հետ մեկտեց, Անատոլիայի անկյուններում ծպտյալ հայ մնացած մարդիկ սկսեցին բարձրաձայնել հայ լինելն ու անգամ մկրտվեցին»,- գրում է Բասքըն Օրանը:

Որպես առաքելության երրորդ կարևոր մաս մտավորականն առանձնանցնում է Սփյուռքի նկատմամբ Դինքի ունեցած ազդեցությունը: «Նա ազդեց Սփյուռքի վրա, նպաստեց բազմակողմ մտածողությանը: Բարդ գործ էր: 2003 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2004 թվականի մայիսի 14 Սփյուռքին ուղղված 8 մասանոց մի շարք հրապարակեց: Դրանում առաջարկում էր հայկական ինքնության առողջությունը չպայմանավորել տարբեր երկրների կողմից ցեղասպանության ընունման կամ չընդունման փաստով: Ցանկանում էր, որ Սփյուռքն արդեն հրաժարվի ցեղասպանությունը որպես ընտրված ողբերգություն (chosen trauma) կիառելուց, ինքնությունը կառուցի դրական տարրերի վրա: Հրանտից հետո Սփյուռքը շատ փոխվեց: Ճիշտ թուրքերի նման:

Նրա բոլոր ջանքերն ուղղված էին երկու ժողովրդի մերձեցմանը: Նա միակ մարդն էր, որ կարող էր այդ մթնոլորտում դա իրականացնել:

Դրա համար էլ սպանվեց: Այդ տեսանկյունից մարդասպանների հաշվարկը «ռացիոնալ» էր…

Սակայն սպանվելով վերածվեց սրբի, առաջացած հանրային արձագանքը նրա սկսած գործը տարածեց ողջ աշխարհով մեկ, Հրանտի հիշատակը վերածվեց փարոսի:

Բարեխիղճ և խելացի մարդիկ՝ «Ակոս»-ի և «Հրանտ Դինք» հիմնադրամի գլխավորությամբ, նրա պատմական առաքելութունը շարունակում են: Այն արդեն անհնար է կասեցնել»,- եզրափակել է հոդվածը թուրք մտավորական Բասքըն Օրանը:

Թարգմանությունը Արաքս Կասյանի

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի