Արցախ

«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Եվրոպայի մի շարք քաղաքներում

2 րոպեի ընթերցում

«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Եվրոպայի մի շարք քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսն ընթացիկ տարում կներկայացվի մի շարք եվրոպական քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է Եվրոպական խորհրդարանում 2016 թվականի փետրվարին: Ցուցահանդեսում ներկայացվել է հայկական եկեղեցիների եւ կրոնական հուշարձանների 32 լուսանկար, որտեղ համեմատության մեջ են դրված հայկական հուշարձանները, եկեղեցիները Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո:

«Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն ունեցավ: Այդ ընթացքում հազարից ավելի այցելու ունեցանք: Մարդիկ տեղեկացվեցին, պատկերացում կազմեցին, թե ինչ է ունեցել հայ համայնքը Հայոց ցեղասպանությունից առաջ և ինչ է մնացել հետո: Այս տարի այդ մեծ արձագանք ստացած ցուցահանդեսը ներկայացնելու ենք եվրոպական տարբեր երկրներում: Մեկնարկը տրվելու է մարտին»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Ընթացիկ տարում Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցն առաջ է տանելու ճանաչման և հատուցման համատեքստում: Պետո Դեմիրճյանը նկատեց, որ նախորդ տարի այդ ուղղությամբ ևս կարևոր միջոցառումներ տեղի ունեցան: Մասնավորապես, մայիսին անցկացվեց խոշոր համաժողով, որտեղ նախանշվեցին հատուցման ուղղությունները` իրավական, տնտեսական և այլն:

Դրանից բացի, արդեն դեկտեմբերին Բրյուսելում տեղի է ունեցավ մամուլի ասուլիս Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացրած հայցի վերաբերյալ: Պետո Դեմիրճյանը նշեց, որ այս երկու կարևոր կետերի վրա հենվելով էլ 2017 թվականին առաջ են շարժվելու:

Պետո Դեմիրճյանը տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, 2017 թվականի վերջին Բրյուսելում կազմակերպելու են Եվրոպահայության 4-րդ համագումարը: Այն կտևի մի քանի օր, կներկայացվեն Հայաստանի, Արցախի, Սփյուռքի օրակարգային հարցերը: Նախորդ համագումարը տեղի է ունեցել 2013 թվականին, որն ունեցել է 350 մասնակից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում