ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները ԼՂ հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ շեշտվում է, որ համանախագահող երկրները լիովին հանձնառու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը:

«Հաշվի առնելով ապրիլին շփման գծում բռնության աճը` մենք մտահոգություն ենք հայտնում շարունակական զինված միջադեպերի, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառման առնչությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և դրա սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ոչ մի արդարացում չկա քաղաքացիական անձանց մահվան և վիրավորման դեպքերի վերաբերյալ: Մենք նաև տեղյակ ենք ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, որոնք մենք դատապարտում ենք ամենախիստ ձևակերպումներով: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատելու իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը` որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համերաշխության հաստատման միակ ճանապարհ: Մենք նաև նրանց կոչ ենք անում խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին, որոնք հակամարտության գոտում բռնությունների դադարեցման հիմնավորումն են:

Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին հարգելու մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարություններում ամրագրված համաձայնությունները: Մենք ողջունում ենք կողմերի գրանցած առաջընթացը անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հովանու ներքո: Կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում վերացնել բոլոր խոչընդոտները և առաջընթաց գրանցել ԵԱՀԿ հետաքննություն մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ: Առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ: մենք կցանկանայինք կրկնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մեր կոչը` ճկունություն ցուցաբերելու և բանակցային սեղանին վերադառնալու`ընթացիկ աշխատանքային առաջարկների հիման վրա դեպի կայուն խաղաղության հաստատում առաջ շարժվելու նպատակով: Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չի գրանցվի, վերսկսված բռնության հեռանկարները միայն կմեծանան, իսկ կողմերը լիակատար պատասխանատվություն կկրեն դրա համար:

Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն: Մեր երկրները շարունակելու են սերտորեն աշխատել կողմերի հետ և մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` որպես միջնորդների օժանդակությունից:

Համանախագահները պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն: Մենք խորապես հավատում ենք, որ նախագահները պետք է բարի կամքով հնարավորինս շուտ ներգրավեն բանակցություններում: Նախագահների միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը, որն անցկացվում է համանախագահների հովանու ներքո, մնում է վստահության կառուցման և խաղաղ բանակցային գործընթացում առաջ շարժվելու հիմնարար տարրը»,- ասված է համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Հայերեն العربية English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին