Հասարակական

Տարոն Մարգարյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալի հետ

2 րոպեի ընթերցում

Տարոն Մարգարյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի տեղակալ  Ագնես Ռամպալի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան այցելած Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը հրաշալի հնարավորություն է մեկ անգամ ևս քննարկելու ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Անդրադառնալով Երևանի և Նիսի միջև ձևավորված համագործակցությանը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է նախանշել հստակ ուղղություններ, որոնք հնարավորություն կտան առավել գործնական ու առարկայական դարձնել երկու քաղաքների փոխգործակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Նիսի գործընկերոջ՝ Ֆիլիպ Պրադալի ջերմ ողջույնները, Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալն իր հերթին նկատել է, որ արդյունավետ համագործակցություն ծավալելու համար իսկապես առկա է լայն դաշտ ինչպես ծրագրերի իրականացման, այնպես էլ փորձի փոխանակման առումով: Ագնես Ռամպալը նշել է, որ տպավորված է Երևանի զարգացման տեմպերով ու հավելել, որ այդ հարցում իսկապես նկատելի է քաղաքային իշխանությունների հետևողականությունն ու որդեգրած քաղաքականությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում