Կգնահատվի ԳԱԱ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահությունը նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կանոնակարգը: Գնահատման նպատակն է բարձրացնել ՀՀ ԳԱԱ գիտական ներուժի օգտագործման արդյունավետությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ավելացնել համաշխարհային գիտության մեջ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների ներդրումը, բարձրացնել ՀՀ ԳԱԱ դերն ու հեղինակությունը հասարակության շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Գնահատման ընթացքում իրականացվելու է յուրաքանչյուր գիտական կազմակերպության գիտական, գիտատեխնիկական գործունեության արդյունքների որակական ու քանակական վերլուծություն 10 ուղղություններով: Գնահատումն իրականացնելու է ձևավորված գնահատման հանձնաժողովը: Գիտական կազմակերպությունների գործունեության գնահատման արդյունքներն ու առաջարկները քննարկվելու են ՀՀ ԳԱԱ նախագահությունում և կայացվելու են համապատասխան որոշումներ: