Տնտեսություն

«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացրել է Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: Ներկայացնում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունն ամբողջությամբ.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը: Ընկերությունը նաև հաշվի է առել հետևյալ գլխավոր գործոնները.

1.Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում:

Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով:

2.Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ:

3.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված Ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը:

4.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում